Առատ դաշտան (մենոռագիա)
13-04-2018
2 րոպե

Դաշտանի ժամակ կորցրած արյան քանակը տարբեր կանանց համար կարող է լինել տարբեր, և սովորաբար որևէ անհանգստության տեղիք չի տալիս:
Սակայն, որոշ դեպքերում դաշտանը կարող է դառնալ առատ՝ բացասաբար ազդելով կնոջ հոգեկան և հուզական աշխարհի վրա՝ նրան պատճառելով ծանր սթրես, ինչպես նաև սահմանափակելով նրա առօրյա գործերը:
Ե՞րբ է դաշտանը համարվում առատ
Առատ դաշտանի (մենոռագիա) համար դժվար է որևէ հստակ սահմանում տալ, սակայն, եթե դուք զգում եք, որ դաշտանի օրերին օգտագործում եք սովորականից ավելի շատ հիգիենիկ միջադիրներ կամ տամպոններ, կամ եթե արյունը արտահոսում է դրանց միջով և կեղտոտում ձեր ներքնաշորերը, ապա դա ամենայն հավանականությամբ առատ դաշտանի արդյունք է: Դաշտանի առատության մասին կարող են նաև վկայել այն դեպքերը, երբ դուք ստիպված եք գիշերվա ընթացքում փոխել ձեր միջադիրը կամ երբ դաշտանը տևում է ավելի քան 7-8 օր:
Դուք պետք է այցելեք ձեր բժշկին, եթե առատ դաշտանները խոչընդոտում են ձեր կյանքի սովորական ընթացքը: Բժիշկը կհետազոտի առատ դաշտանային արյունահոսության հնարավոր պատճառները՝ պարզելու, թե արդյոք ձեզ մոտ առկա՞ է նման իրավիճակի բերող որևէ լուրջ առողջական խնդիր:
Արյունը պարունակում է երկաթի բավարար քանակներ: Հենց այդ երկաթի շնորհիվ են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) իրենց հեմոգլոբինի միջոցով թթվածինը թոքերից տեղափոխում դեպի մյուս օրգանները: Ամեն ամիս կրկնվող առատ դաշտանները կարող են պակասեցնել ձեր օրգանիզմի երկաթի պաշարները, իսկ երկաթ-դեֆիցիտային վիճակը շարունակվելու դեպքում կարող է նաև զարգանալ սակավարյունություն (անեմիա):
Կան առատ դաշտանի արդյունավետ բուժման տարբեր մեթոդներ:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022