Առատ դաշտան. ախտորոշում
13-04-2021
2 րոպե

Ձեր գանգատները լսելուց հետո բժիշկն ամենայն հավանականությամբ հարցեր կտա դրանց հավանական պատճառների և պատմության մասին:
Նա կարող է խնդրել, որ վարեք դաշտանային ցիկլի օրագիր, որտեղ նշումներ անեք «արյունահոսող» և «չարյունահոսող» օրերի, ինչպես նաև «առատ արյունահոսությունների» և հիգիենիկ պաշտպանության միջոցների օգտագործման հաճախականության մասին:
Բժիշկը նաև կանցկացնի արտաքին զննում և կառաջարկի մեկ կամ մի քանի ախտորոշիչ թեստեր կամ միջամտություններ:
- Արյան թեստեր. այս դեպքում ձեր երակային արյան կենսանմուշում հետազոտվում է հեմոգլոբինի և երկաթի մակարդակները (երկաթ-դեֆիցիտային անեմիայի ախտորոշում), ինչպես նաև առատ արյունահոսության հնարավոր պատճառներից վահանաձև գեղձի հիվանդությունների (թիրեոիդ հորմոններ), արյան մակարդելիության շեղումների ստուգում:
- Պապ թեստ. այս թեստի ժամանակ ձեր արգանդի վզիկից նմուշառվում են բջիջներ և հետազոտվում է վարակների, բորբոքման կամ այդ բջիջների քաղցկեղային փոփոխությունների առկայությունը:
- Էնդոմետրիալ բիոպսիա. արգանդի խոռոչից վերցված լորձաթաղանթային հյուսվածքի փոքր նմուշի բջջաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունը կարող է օգնել առատ դաշտանով ուղեկցվող արգանդի տարբեր ախտահարումների ախտորոշմանը:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). սա անվնաս և անցավ հետազոտություն է, որի ժամանակ գերձայնային ալիքների օգնությամբ ստացվում են ձեր փոքր կոնքի խոռոչի վերարտադրողական օրգանների սոնոգրաֆիկ պատկերները (արգանդ, ձվարաններ և այլն):
Վերոնշյալ նախնական հետազոտությունների արդյունքներից կախված, բժիշկը նաև կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ:
- Սոնոհիստերոգրաֆիա. սա նույն սոնոգրաֆիան է, սակայն մինչև հետազոտությունը բժիշկը ձեր հեշտոցով և վզիկով արգանդի խոռոչ է ներմուծում հատուկ հեղուկ: Սոնոհիստերոգրաֆիան թույլ է տալիս ավելի մանրամասն հետազոտել արգանդի լորձաթաղանթի հետ կապված խնդիրները:
- Հիստերոսկոպիա. սա իրենից ներկայացնում է էնդոսկոպիկ հետազոտություն, երբ հեշտոցի և վզիկի միջոցով արգանդի խոռոչ ներմուծված բարակ խողովակաձև սարքով զննվում է ձեր արգանդի խոռոչը:
Բժիշկը հաստատում է առատ դաշտանի ախտորոշումը դաշտանի խանգարումներով ընթացող բոլոր մյուս հիվանդությունները կամ դեղորայքային գործոնները բացառելուց հետո:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022