Գրադարան
Մետաբոլիկ համախտանիշ. ինքնօգնություն

1 րոպե
Եթե բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ ունեք մետաբոլիկ համախտանիշ կամ դրա բաղադրիչներից որևէ մեկը, ապրելակերպի համապատասխան փոփոխությունները կարող են օգնել լուրջ առողջական խնդիրների, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի կանխարգելմանը կամ հետաձգմանը:
Առողջ ապրելակերպը ներառում է հետևյալ մոտեցումները:
- Կանոնավոր ֆիզիկական վարժանքներ. փորձագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում առնվազն 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժանքներին: Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ միանգամից 30 րոպե և ավելի երկար ժամանակ հատկացնեք ֆիզիկական ակտիվությանը: Պարզապես փորձեք օրվա ընթացքում ցանկացած առիթով ավելացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ՝ մեքենա վարելու փոխարեն քայլել, վերելակից օգտվելու փոխարեն բարձրանալ աստիճաններով և այլն:
- Քաշի կորուստ. եթե ունեք ավելորդ քաշ կամ գեր եք, ձեր քաշի 7-10 տոկոս նվազեցումը կարող է կրճատել ինսուլնակայունությունը և կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը: Կարևոր է ոչ միայն հավելյալ կիլոգրամներից ազատվելը, այլև նոր՝ առողջ քաշի պահպանումը: Զրուցեք այս թեմայի վերաբերյալ ձեր բժշկի հետ, քանի որ երբեմն կարող է առաջանալ դեղամիջոցներ օգտագործելու կամ քաշը կրճատող վիրահատական միջամտության կարիք:
- Առողջ սննդակարգ. առողջ սնման ծրագրերը, օրինակ՝ բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) մեղացմանը միտված DASH սննդակարգը կամ միջերկրածովյան սննդակարգը կարևորում են սննդում հետևյալ բաղադրիչների ներառումը՝ բանջարեղեններ, մրգեր, բջջանքով հարուստ ամբողջահատիկներ և անճարպ միս (սպիտակուցներ): Առողջ սննդակարգի ծրագրերը նաև խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցրահամ ըմպելիքները, ալկոհոլը, կերակրի աղը, շաքարը և ճարպերը (հատկապես՝ հագեցած և «տրանս»):
- Ծխախոտից ձերբազատում. ծխախոտի օգտագործումից հրաժարվելը կարող է զգալիորեն բարելավել ձեր ընդհանուր առողջությունը: Զրուցեք բժշկի հետ, եթե ունեք օգնության կարիք:
- Սթրեսի կրճատում կամ կառավարում. բավարար ֆիզիկական ակտիվությունը, մեդիտացիան, յոգան և այլ ծրագրերը կարող են օգնել սթրեսի դիմակայմանը և բարելավել ձեր հուզական և ֆիզիկական առողջությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: