Միտրալ փականի հիվանդության պատճառները հասկանալու համար օգտակար է իմանալ, թե նորմայում ինչպես է աշխատում սիրտը:
Միտրալ կամ երկփեղկ փականը սրտի չորս փականներից մեկն է, որոնք ապահովում են արյան հոսքի ճիշտ ուղղությունը: Յուրաքանչյուր փական ունի փեղկեր, որոնք կոչվում են կափույներ: Սրտի յուրաքանչյուր կծկման ընթացքում դրանք մեկ անգամ բացվում և փակվում են:
Միտրալ փականի պրոլապսի դեպքում միտրալ փականի փեղկերը սերտորեն (կիպ) չեն փակվում, որի արդյունքում արյունը կարողանում է հետ հոսել, երբ փականը փակ է: Սա դժվարացնում է սրտի պատշաճ աշխատանքը:
Միտրալ փականի պրոլապսի դեպքում միտրալ փականի կափույրներից մեկը կամ երկուսն էլ ունեն լրացուցիչ հյուսվածք կամ ձգվում են սովորականից ավելի: Ամեն անգամ, երբ սիրտը կծկվում է արյուն մղելու համար, կափույրները կարող են պարաշյուտի պես ուռչել դեպի ետ՝ սրտի վերին ձախ խոռոչ (ձախ նախասիրտ):
Այսպիսի արտափքումը կարող է խանգարել փականի կիպ փակմանը: Եթե արյունը հետ է արտահոսում ոչ պատշաճ փակված փականի միջով, այս վիճակը կոչվում է միտրալ փականի հետհոսք (ռեգուրգիտացիա):
Ռիսկի գործոններ
Միտրալ փականի պրոլապսը կարող է զարգանալ յուրաքանչյուր մարդու մոտ՝ ցանկացած տարիքում: Միտրալ փականի պրոլապսի ծանր ախտանիշներն առավել հաճախ հակված են զարգանալու 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ:
Միտրալ փականի պրոլապսը կարող է հանդիպել ընտանիքներում (լինել ժառանգական) և կարող է կապված լինել մի շարք այլ հիվանդությունների ու վիճակների հետ, ինչպիսիք են՝
- Էբշտեյնի անոմալիա
- Էհլերս-Դանլոսի համախտանիշ
- Գրեյվսի հիվանդություն
- Մարֆանի համախտանիշ
- մկանային դիստրոֆիա
- սկոլիոզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024