Գրադարան

Միտրալ փականի պրոլապս․ ախտորոշում

Միտրալ փականի պրոլապս․ ախտորոշում

Time Read 2 րոպե

Միտրալ փականի պրոլապսն ախտորոշելու համար ձեր բժիշկը սովորաբար ֆիզիկական քննություն է անցկացնում (բուժզննում) և ստետոսկոպի միջոցով լսում է ձեր սիրտը:

Եթե ունեք միտրալ փականի պրոլապս, ստետոսկոպի միջոցով կարող է կտտոցների ձայն լսվել: Եթե արյունը հետ է հոսում միտրալ փականի միջով, նաև կարող են լսվել ոչ նորմալ հնչյուններ (սրտի աղմուկ):

Հետազոտություններ

Միտրալ փականի պրոլապսն ախտորոշելու համար սովորաբար նշանակվում են հետևյալ հետազոտություններից մեկը կամ մի քանիսը:

  • Էխոսրտագրություն (սրտի էխո). այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ շարժման մեջ գտնվող սրտի պատկերների շարք ստեղծելու համար: Ստամդարտ էխոսրտագրությունը, որնը նաև կոչվում է տրանսթորացիկ էխոսրտագրություն, կարող է հաստատել միտրալ փականի պրոլապսի ախտորոշումը և որոշել վերջինիս ծանրության աստիճանը: Երբեմն, միտրալ փականն ավելի մանրակրկիտ դիտելու համար անհրաժեշտ է ավելի մանրամասն էխոսրտագրություն, որը կոչվում է տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն: Այս դեպքում տվիչը (տրանսդյուսեր) ներմուծվում է բերանից դեպի կերակրափող:
  • Կրծքավանդակի ռենտգեն. կրծքավանդակի ռենտգենը ցույց է տալիս սրտի և թոքերի վիճակը: Այս հետազոտությունը կարող է օգնել մեծացած սրտի ախտորոշմանը:
  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). այս արագ և անցավ հետազոտությունը չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը։ ԷՍԳ-ն կարող է հայտնաբերել սրտի անկանոն ռիթմերը (առիթմիաները), որոնք կապված միտրալ փականի հիվանդության հետ:
  • Վարժանքային կամ սթրես թեստեր. այս հետազոտությունները հաճախ ներառում են վազքուղու (տրեդմիլի) վրա քայլելը կամ անշարժ հեծանիվ վարելը, քանի դեռ սիրտը ստուգվում է ԷՍԳ-ով կամ ԷխոՍԳ-ով: Սթրես թեստերն օգնում են պարզել, թե ինչպես է սիրտն արձագանքում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և արդյոք վարժանքի ընթացքում զարգանում են միտրալ փականի պրոլապսի ախտանիշներ: Եթե չեք կարող վարժանք կատարել, ձեզ կարող են տալ դեղամիջոց, որը խթանում է սրտի աշխատանքն այնպես, ինչպես լինում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
  • Սրտային կաթետերիզացիա. սրտային կաթետերիզացումը հաճախ չի օգտագործվում միտրալ փականի հիվանդությունն ախտորոշելու համար, սակայն կարող է նշանակվել, եթե այլ հետազոտություններով ախտորոշումը չի հաստատվում: Բժիշկը ձեռքի կամ աճուկի արյունատար անոթի լուսանցքով բարակ խողովակը, որը կոչվում է կաթետեր, ուղղորդում է դեպի սրտի զարկերակ: Կաթետերով ներմուծվում է կոնտրաստային նյութ, որը թույլ է տալիս ռենտգեն պատկերմամբ ստանալ սրտի զարկերակների ավելի հստակ ուրվագծեր:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-11-2023 վերանայվել է՝ 21-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով