Միտրալ փականի պրոլապս ունեցող մարդկանց մեծ մասը, հատկապես, եթե ախտանիշները բացակայում են, բուժում չեն պահանջում:
Եթե ունեք միտրալ փականի պրոլապս և ռեգուրգիտացիա, սակայն չունեք ախտանիշներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր այցեր և ստուգումներ՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
Այնուամենայնիվ, եթե ունեք միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիա, կարող է անհրաժեշտ լինել դեղորայք կամ վիրահատություն, նույնիսկ եթե ախտանիշներ չեք նշում:
Դեղորայքային բուժում
Դեղամիջոցները կարող են անհրաժեշտ լինել անկանոն սրտազարկերը (առիթմիաներ) կամ միտրալ փականի պրոլապսի այլ բարդությունները բուժելիս: Կախված ձեր իրավիճակից, բժիշկը կարող է նշանակել հետևյալ դեղամիջոցները:
- Բետա-պաշարիչներ (բ-բլոկերներ). այս դեղամիջոցները թուլացնում են արյունատար անոթները և դանդաղեցնում սրտազարկը, որի արդյունքում նվազում է արյան ճնշումը:
- Միզամուղներ (դիուրետիկներ)․ այս դեղամիջոցները նպաստում են մեզով աղի (նատրիումի) և ջրի հեռացմանը՝ նվազեցնելով արյան ճնշումը և կանխելով հեղուկի կուտակումը թոքերում և մարմնի այլ մասերում:
- Սրտի ռիթմի դեղամիջոցներ (հակառիթմիկներ)․ այս խմբի դեղորայքը նշանակվում է՝ կարգավորելու և վերահսկելու սրտի անկանոն ռիթմը:
- Հակամակարդիչներ կամ արյունը ջրիկացնողներ (անտիկոագուլյանտներ)․ եթե միտրալ փականի հիվանդության պատճառով ունեք նախասրտերի ֆիբրիլացիա (շողացող առիթմիա), ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այս խմբի դեղամիջոցները՝ արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումը կանխելու համար: Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է արյան մակարդուկների և ինսուլտի ռիսկը: Եթե ձեր ախտահարված միտրալ փականը փոխարինվել է մեխանիկական փականով, հակամակարդիչների օգտագործումը պետք է շարունակել ողջ կյանքի ընթացքում:
- Հակաբիոտիկներ. Ամերիկյան սրտի ասոցիացիան (AHA) տեղեկացնում է, որ հակաբիոտիկները սովորաբար անհրաժեշտ չեն միտրալ փականի պրոլապս ունեցող անձի համար: Սակայն, եթե կատարել եք միտրալ փականի փոխարինում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հակաբիոտիկների օգտագործում ատամնաբուժական միջամտություններից առաջ՝ կանխելու վարակային էնդոկարդիտ կոչվող սրտի վարակը:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Միտրալ փականի պրոլապս ունեցող մարդկանց մեծամասնությունը վիրահատության կարիք չունի: Սակայն, վիրահատություն կարող է առաջարկվել, եթե միտրալ պրոլապսն առաջացնում է միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիա (միտրալ անբավարարություն)՝ անկախ նրանից, ունեք ախտանիշներ, թե ոչ:
Ախտահարված կամ վնասված միտրալ փականի վիրահատական բուժումը ներառում է միտրալ փականի վերականգնում կամ միտրալ փականի փոխարինում: Միտրալ փականի վերականգնումը գերադասելի է, քանի որ պահպանում է առկա փականը:
Փականի վերանորոգումը և փոխարինումը կարող են իրականացվել սրտի բաց վիրահատության կամ նվազագույն ինվազիվ վիրահատության միջոցով: Նվազագույն ինվազիվ վիրահատությունը պահանջում է ավելի փոքր կտրվածքներ, կարող է ուղեկցվել ավելի քիչ արյան կորստով և ավելի արագ վերականգնվել:
Միտրալ փականի վերականգնման վիրահատության ժամանակ վիրաբույժը կարող է հեռացնել ավելցուկային հյուսվածքը պրոլապսի ենթարկված փականից, որի շնորհիվ փականի կափույրները (փեղկերը) ավելի կիպ են փակվում: Վիրաբույժը նաև կարող է փոխարինել այն լարերը, որոնք ամրացնում են փականի կափույրները: Հնարավոր են նաև այլ վերականգնումներ։
Եթե միտրալ փականի վերականգնումը հնարավոր չէ, այն կարող է փոխարինվել: Միտրալ փականի փոխարինման վիրահատության ժամանակ վիրաբույժը հեռացնում է վնասված կամ ախտահարված միտրալ փականը և այն փոխարինում է մեխանիկական փականով կամ կովի, խոզի կամ մարդու սրտի հյուսվածքից պատրաստված փականով (կենսաբանական հյուսվածքային փական):
Երբեմն կարող է իրականացվել սրտի կաթետերիզացիա, երբ այլևս լավ չգործող կենսաբանական հյուսվածքային փականի մեջ տեղադրվում է փոխարինող փական: Սա կոչվում է փականի մեջ փականի միջամտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024