Միտրալ փականի հիվանդության պատճառները հասկանալու համար օգտակար է իմանալ, թե նորմայում ինչպես է աշխատում սիրտը:
Միտրալ կամ երկփեղկ փականը սրտի չորս փականներից մեկն է, որոնք ապահովում են արյան հոսքի ճիշտ ուղղությունը: Յուրաքանչյուր փական ունի փեղկեր, որոնք կոչվում են կափույներ: Սրտի յուրաքանչյուր կծկման ընթացքում դրանք մեկ անգամ բացվում և փակվում են:
Միտրալ փականի ռեգուրգիտացիայի կամ միտրալ անբավարարության դեպքում միտրալ փականի փեղկերը սերտորեն (կիպ) չեն փակվում, որի արդյունքում արյունը կարողանում է հետ հոսել, երբ փականը փակ է: Սա դժվարացնում է սրտի պատշաճ աշխատանքը:
Եթե միտրալ փականի ռեգուրգիտացիան պայմանավորված է միտրալ փականի հետ կապված խնդիրներով, նման վիճակը կոչվում է առաջնային միտրալ փականի ռեգուրգիտացիա կամ առաջնային միտրալ անբավարարություն: Իսկ եթե որևէ խնդիր կամ հիվանդություն, որն ազդում է սրտի այլ հատվածների վրա, առաջացնում է ոչ հերմետիկ փակվող միտրալ փական, նման վիճակը կոչվում է ֆունկցիոնալ կամ երկրորդային միտրալ ռեգուրգիտացիա կամ միտրալ անբավարարություն:
Միտրալ փականի ռեգուրգիտացիայի հնարավոր պատճառները կարող են ներառել հետևյալը:
- Միտրալ փականի պրոլապս. այս դեպքում միտրալ փականի կափույրները փակվելուց հետո նորից ուռչում են դեպի սրտի վերին ձախ խոռոչ՝ ձախ նախասիրտ, երբ սիրտը կծկվում է: Այս տարածված սրտային խնդիրը կարող է խանգարել միտրալ փականի կիպ փակվելուն և դառնալ արյան հետհոսքի պատճառ:
- Ռևմատիզմ (ռևմատիկ տենդ). Ռևմատիզմը չբուժված ստրեպտոկոկային կոկորդի (ըմպանաբորբի) բարդություն է: Ռևմտիզմը կարող է վնասել միտրալ փականը, ինչը վաղ կամ ավելի ուշ կյանքի ընթացքում հանգեցնում է միտրալ փականի ռեգուրգիտացիայի: Եթե ռևմատիզմն առաջացնում է միտրալ փականի հիվանդություն, այսպիսի վիճակը կոչվում է միտրալ փականի ռևմատիկ հիվանդություն: Ռևմատիզմը հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում, սակայն դեռևս մնում է առողջապահական խնդիր զարգացող տարածաշրջաններում:
- Սրտամկանի ինֆարկտ. սրտամկանի ինֆարկտը կարող է վնասել սրտի մկանների այն հատվածը (պտկաձև մկաններ), որն օժանդակում է միտրալ փականի ճիշտ գործունեությանը: Եթե սրտամկանի ինֆարկտը բերում է սրտամկանի մեծ վնասի, նման վիճակը կարող է դառնալ միտրալ փականի հանկարծակի և ծանր ռեգուրգիտացիայի պատճառ: Սրտամկանի ինֆարկտի պատճառով առաջացած միտրալ փականով հետհոսքը կոչվում է իշեմիկ միտրալ ռեգուրգիտացիա:
- Սրտային խնդիր, որն առկա է ի ծնե և կոչվում է սրտի բնածին արատ․ որոշ մարդիկ ծնվում են սրտի կառուցվածքային խնդիրներով, այդ թվում՝ սրտի փականների բնածին վնասմամբ:
- Սրտամկանի հաստացում, որը կոչվում է կարդիոմիոպաթիա․ կարդիոմիոպաթիան դժվարացնում է սրտի կողմից արյան արտամղումը դեպի օրգանիզմի մնացած շրջաններ: Այս վիճակը կարող է ազդել միտրալ փականի գործունեության վրա՝ առաջացնելով ռեգուրգիացիա: Միտրալ փականի ռեգուրգիտացիայի հետ կապված կարդիոմիոպաթիայի տեսակները ներառում են դիլատացիոն կարդիոմիոպաթիան և հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան:
- Վնասված հյուսվածքային (ջլային) թելեր. ժամանակի ընթացքում հյուսվածքային թելերը, որոնք թույլ չեն տալիս, որ փակված փականների կափույրները հեռանան միմյանցից, կարող են գերձգվել կամ պատռվել: Սա հատկապես հավանական է միտրալ փականի պրոլապս ունեցող մարդկանց մոտ: Պատռվածքը կարող է հանգեցնել միտրալ փականով արյան հանկարծակի հետհոսքի: Նման վիճակը կարող է պահանջել միտրալ փականի վերականգնման վիրահատություն: Կրծքավանդակի տրավման նույնպես կարող է առաջացնել այս թելերի պատռվածք:
- Սրտի խոռոչները և փականները ներսից պատող լորձաթաղանթի բորբոքում, որը կոչվում է էնդոկարդիտ. այս վիճակը սովորաբար առաջանում է վարակի պատճառով: Մանրէները մուտք են գործում արյան հուն և կպչում սրտի վնասված շրջաններին:
- Ճառագայթային թերապիա. հազվադեպ, քաղցկեղի ճառագայթային թերապիան, որն ուղղված է կրծքավանդակի վրա, կարող է հանգեցնել միտրալ փականի ռեգուրգիտացիայի:
Ռիսկի գործոններ
Մի քանի գործոններ կարող են բարձրացնել միտրալ փականի ռեգուրգիտացիայի ռիսկը: Դրանցից են՝
- որոշակի վարակներ, որոնք ախտահարում են սիրտը
- սրտամկանի ինֆարկտ
- ի ծնե առկա սրտային խնդիրներ, որոնք կոչվում են բնածին սրտի արատներ
- սրտի փականային հիվանդությունների պատմություն, այդ թվում՝ միտրալ փականի պրոլապսի և միտրալ փականի ստենոզի
- մեծ տարիք
- կրծքավանդակի ճառագայթում:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024