Միտրալ փականի ռեգուրգիտացիայի կամ միտրալ անբավարարության բարդությունները հաճախ կախված են հիվանդության ծանրության աստիճանից:
Միտրալ փականի թեթև ռեգուրգիտացիան սովորաբար որևէ խնդիր չի առաջացնում:
Այնուամենայնիվ, երբ միտրալ փականի ռեգուրգիտացիան ծանրանում է, սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել, որ հասցնի բավարար քանակի արյուն արտամղել դեպի օրգանիզմի մյուս շրջաններ: Սրտի լրացուցիչ բեռնվածությունն ի վերջո կարող է հանգեցնել սրտի ձախ ստորին խոռոչի՝ ձախ փորոքի լայնացման և սրտամկանի թուլացման:
Միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիայի հնարավոր բարդությունները ներառում են հետևյալը:
- Անկանոն և հաճախ՝ արագացած սրտազարկ, որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա). միտրալ փականի ռեգուրգիտացիան կարող է նպաստել սրտի ռիթմի այս տարածված խանգարման առաջացմանը: Նախասրտերի ֆիբրիլյացիան կապված է արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորման և ինսուլտի առաջացման ռիսկի հետ:
- Թոքերում բարձր արյան ճնշում, որը կոչվում է թոքային հիպերտենզիա․ երկարատև չբուժված կամ ոչ պատշաճ կերպով բուժված միտրալ ռեգուրգիտացիան կարող է մեծացնել արյան ճնշումը թոքերի արյունատար անոթներում: Երբ ճնշումը բարձրանում է, թոքերում սկսում է հեղուկ կուտակվել:
- Կանգային սրտային անբավարարություն. Միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիայի դեպքում սիրտը պետք է ավելի ծանրաբեռնված աշխատել, որ հասցնի բավականաչափ արյուն արտամղել դեպի օրգանիզմի այլ շրջաններ: Ավելցուկային բեռնվածությունը հանգեցնում է սրտի ստորին ձախ խոռոչի՝ ձախ փորոքի մեծացմանը: Չբուժվելու դեպքում սրտի մկանները սկսում են թուլանալ, որն ի վերջո կարող է հանգեցնել սրտային անբավարարության:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024