Ներկայում հասանելի են միտրալ անբավարարության կամ միտրալ փականի ռեգուրգիտացիայի արդյունավետ բուժման տարբեր մեթոդներ և միջամտություններ:
Միտրալ փականի ռեգուրգիտացիայի բուժման նպատակներն են`
- oգնել սրտին, որ ավելի լավ աշխատի
- նվազեցնել ախտանիշները
- կանխել բարդությունները:
Որոշ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ունեն թեթև միտրալ անբավարարություն, կարող են բուժման կարիք չունենալ: Ձեր բժիշկները, ի թիվս այլ բաների, բուժում նշանակելիս հաշվի են առնում ձեր ախտանիշները և հիվանդության փուլը:
Միտրալ փականի ռեգուրգիտացիայի բուժումը կարող է ներառել՝
- առողջ ապրելակերպի փոփոխություններ
- կանոնավոր բժշկական այցեր
- դեղամիջոցներ, որոնք բուժում են ախտանիշները և կանխարգելում բարդությունները, ինչպիսին են արյան մակարդուկները (թրոմբ)
- վիրահատություն՝ վերականգնելու կամ փոխարինելու ախտահարված և պատշաճ չգործող միտրալ փականը:
Միտրալ փականի ռեգուրգիտացիայի բուժմամբ զբաղվում են սրտի հիվանդությունների ոլորտում մասնագիտացված բժիշկները՝ սրտաբանները:
Եթե ունեք միտրալ փականի ռեգուրգիտացիա, մտածեք բուժվել այնպիսի բժշկական կենտրոնում բուժաշխատողների բազմամասնագիտական թիմի հետ, որոնք պատրաստված և փորձառու են սրտի փականային հիվանդության գնահատման և բուժման մեջ:
Դեղորայքային բուժում
Դեղամիջոցները կարող են օգնել միտրալ փականի անբավարարության (ռեգուրգիտացիայի) ախտանիշները նվազեցմանը և սրտի փականային հիվանդության բարդությունների կանխարգելմանը:
Կախված ձեր իրավիճակից, ձեր բժիշկը կարող է նշանակել հետևյալ դեղամիջոցները:
- Միզամուղներ (դիուրետիկներ)․ այս դեղամիջոցները նվազեցնում կամ կանխում են հեղուկի կուտակումը թոքերում և մարմնի այլ մասերում:
- Հակամակարդիչներ կամ արյունը ջրիկացնողներ (անտիկոագուլյանտներ)․ եթե միտրալ փականի հիվանդության պատճառով ունեք նախասրտերի ֆիբրիլացիա (շողացող առիթմիա), բժիշկը կարող է խորհուրդ տալ այս խմբի դեղամիջոցները՝ արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումը կանխելու համար: Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է արյան մակարդուկների և ինսուլտի ռիսկը:
- Արյան ճնշման դեղամիջոցներ. բարձր արյան ճնշումը վատթարացնում է միտրալ փականի ռեգուրգիտացիան: Եթե ունեք միտրալ փականի անբավարարություն և բարձր արյան ճնշում, ձեզ կարող են նշանակել արյան ճնշումը նվազեցնող դեղամիջոցներ:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Ախտահարված կամ վնասված միտրալ փականը կարող է ի վերջո վերականգնման կամ փոխարինման կարիք ունենալ, նույնիսկ եթե ախտանիշներ չունեք: Միտրալ փականի հիվանդության վիրահատական բուժումը ներառում է միտրալ փականի վերականգնում և միտրալ փականի փոխարինում: Ձեր բժիշկները ձեզ հետ կքննարկեն այս միջամտություններից յուրաքանչյուրի ռիսկերն ու օգուտները՝ որոշելու, թե որ տարբերակը կարող է ձեզ առավելագույն օգուտ տալ՝ նվազագույն ռիսկերով:
Եթե ձեզ անհրաժեշտ է վիրահատություն մեկ այլ սրտային հիվանդության համար, վիրաբույժը կարող է միաժամանակ կատարել միտրալ փականի վերականգնում կամ փոխարինում:
Միտրալ փականի վիրահատությունը սովորաբար կատարվում է կրծքավանդակի կտրվածքի միջոցով: Որոշ բժշկական կենտրոնների վիրաբույժները երբեմն օգտագործում են ռոբոտի օգնությամբ սրտի վիրահատություն՝ նվազագույն ինվազիվ միջամտություն, որտեղ ռոբոտ ձեռքերն օգտագործվում են վիրահատությունը կատարելու համար:
Միտրալ փականի վերականգնում
Միտրալ փականի վերականգնումը փրկում է գոյություն ունեցող փականը և կարող է պահպանել սրտի գործունեությունը: Հնարավորության դեպքում միտրալ փականի վերականգնումը խորհուրդ է տրվում, քանի դեռ առաջ չի եկել փականի փոխարինման հարցը: Փորձառու բժշկական կենտրոնում միտրալ ռեգուրգիտացիայի համար կատարված փականային վերականգնման միջամտությունները սովորաբար ունենում են բավարար արդյունքներ:
Միտրալ փականի վերականգնման վիրահատության ժամանակ վիրաբույժը կարող է՝
- փակել սրտի փականում առկա անցքերը
- վերամիացնել փականի կափույրները (փեղկերը)
- հեռացնել փականի ավելորդ հյուսվածքը, որ կափույրներն ավելի կիպ փակվեն
- վերականգնել միտրալ փականի կառուցվածքը՝ փոխարինելով այն պահող ձգանները
- առանձնացնել միմյանց միաձուլված փականի կափույրները:
Միտրալ փականի վերականգնման այլ միջամտություններից մի քանիսը ներկայացված են ստորև:
- Անուլոպլաստիկա. վիրաբույժը ձգում կամ ամրացնում է փականի շուրջ օղը, որը կոչվում է անուլուս: Անուլոպլաստիկա կարող է իրականացվել սրտի փականի վերականգնման այլ տեխնիկայի հետ միասին:
- Վալվուլոպլաստիկա. այս բուժումն օգտագործվում է նեղացած բացվածքով միտրալ փականի վերականգնման համար: Այն կարող է առաջարկվել, նույնիսկ եթե դեռևս ախտանիշներ չունեք: Միջամտությունը կատարվում է բարակ խողովակի միջոցով, որը կոչվում է կաթետեր, որի ծայրին փուչիկ է: Վիրաբույժը կաթետերը ներմուծում է ձեռքի կամ աճուկի զարկերակի մեջ և ուղղորդում դեպի միտրալ փական: Փուչիկը փչվում է՝ լայնացնելով միտրալ փականի բացվածքը։ Այնուհետև փուչիկը դատարկվում է, և կաթետերն ու փուչիկը հեռացվում են:
- Միտրալ փականի սեղմակ (կլիպս). այս բուժման ժամանակ բժիշկը աճուկի զարկերակով դեպի միտրալ փական ուղղորդում է հատուկ կաթետեր, որի ծայրին առկա է սեղմակ: Սեղմակն օգտագործվում է միտրալ փականի կափույրների փակումը բարելավելու համար: Այն նվազեցնում է փականով արյան հետհոսքի (ռեգուրգիտացիայի) չափը: Այս միջամտությունը կարող է քննարկվել այն մարդկանց համար, ովքեր ունեն միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիա կամ ովքեր չեն կարող ենթարկվել միտրալ փականի փոխարինման վիրահատության:
Միտրալ փականի փոխարինում
Միտրալ փականի փոխարինման ժամանակ վիրաբույժը հեռացնում է ախտահարված կամ վնասված միտրալ փականը և այն փոխարինում է մեխանիկական փականով կամ կովի, խոզի կամ մարդու սրտի հյուսվածքից ստացված փականով: Հյուսվածքային փականը հաճախ նաև կոչվում է կենսաբանական հյուսվածքային փական:
Երբեմն կատարվում է սրտային կաթետերիզացիա, որ այլևս լավ չաշխատող կենսաբանական հյուսվածքային փականի մեջ տեղադրվի փոխարինող փական: Սա կոչվում է փականի մեջ փականի միջամտություն:
Եթե ձեզ մոտ իրականացվել է միտրալ փականի փոխարինում մեխանիկական փականով, դուք պետք է ողջ կյանքի ընթացքում ընդունեք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ՝ հակամակարդիչներ, որ կանխարգելեք արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորումը: Կենսաբանական հյուսվածքային փականները ժամանակի ընթացքում քայքայվում են, և սովորաբար որոշ ժամանակ հետո դրանք անհրաժեշտ է փոխարինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-11-2023
Վերջին վերանայում՝ 27-04-2024