Եթե ունեք միտրալ փականի ռեգուրգիտացիա կամ միտրալ անբավարարություն, ձեր բժիշկները կարող են առաջարկել, որ կատարեք ձեր սրտի և ձեր ընդհանուր առողջական վիճակի բարելավմանն ուղղված առողջ ապրելակերպի փոփոխություններ:
Կատարեք այս քայլերը:
- Կառավարեք ձեր արյան ճնշումը. բարձր արյան ճնշման վերահսկումը կարևոր է, եթե ունեք միտրալ փականի ռեգուրգիտացիա:
- Ընտրեք սրտի համար առողջարար սննդակարգ. սնունդն ուղղակիորեն չի ազդում միտրալ փականի ռեգուրգիտացիայի վրա, սակայն առողջ սննդակարգը կարող է օգնել սրտային այլ հիվանդությունների կանխարգելմանը, որոնք կարող են թուլացնել սրտի մկանները: Կերեք մթերքներ, որոնք պարունակում են ավելի քիչ քանակով հագեցած և տրանս-ճարպեր, շաքար, աղ և զտված հացահատիկ, օրինակ՝ սպիտակ հաց: Կերեք տարբեր տեսակի բանջարեղեն և մրգեր, ամբողջահատիկ ձավարեղեն և սպիտակուցներ, ինչպիսիք են անճարպ միսը, ձուկը և ընկույզը:
- Կատարեք կանոնավոր վարժանքներ․ թե ինչ տևողության և ծանրաբեռնվածության վարժանքներ է պետք անել, կարող է կախված լինել ձեր միտրալ ռեգուրգիտացիայի ծանրության աստիճանից: Խոսեք ձեր բժշկի հետ ձեզ համար լավագույն վարժանքների քանակի և տեսակի մասին, հատկապես, եթե մտածում եք մրցակցային մարզաձևերով զբաղվելու մասին:
- Պահպանեք առողջ քաշը. ավելցուկային քաշը մեծացնում է սրտային հիվանդության ռիսկը։ Խոսեք ձեր բժշկի հետ՝ մարմնի զանգվածի գործակցի և քաշի համար իրատեսական նպատակներ սահմանելու համար:
- Կանխարգելեք վարակային էնդոկարդիտը. եթե անցել եք միտրալ փականի փոխարինման վիրահատություն, ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա հակաբիոտիկներ ընդունել ատամնաբուժական միջամտություններից առաջ՝ կանխելու վարակային էնդոկարդիտ կոչվող և սրտի փականներն ախտահարող վարակը:
- Խուսափեք ալկոհոլից կամ սահմանափակեք դրա օգտագործումը․ ալկոհոլի շատ օգտագործումը կարող է առաջացնել անկանոն սրտազարկ (առիթմիա) և վատթարացնել ձեր ախտանիշները: Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը նաև կարող է առաջացնել սրտի մկանների թուլացում, որը հանգեցնում է միտրալ ռեգուրգիտացիայի: Հարցրեք ձեր բժշկին ալկոհոլի օգտագործման բացասական ազդեցությունների մասին:
- Խուսափեք ծխախոտից. եթե ծխում եք, թողեք։ Հարցրեք ձեր բժշկին այն միջոցների մասին, որոնք կօգնեն ձեզ թողնել ծխելը: Փոխօգնության խմբին միանալը կարող է օգտակար լինել:
- Կիրառեք լավ քնի սովորությունները. վատ քունը կարող է մեծացնել սրտային և այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը: Մտեք անկողին և արթնացեք ամեն օր մոտավորապես նույն ժամին, ներառյալ՝ հանգստյան օրերին: Եթե դժվարանում եք քնել, խոսեք ձեր բժշկի հետ այն մեթոդների մասին, որոնք կարող են ձեզ օգնել:
Եթե ունեք միտրալ փականի ռեգուրգիտացիա և մտածում եք հղիանալու մասին, նախ խոսեք ձեր բժշկի հետ: Հղիությունը ստիպում է սրտին, որ ավելի ծանրաբեռնված աշխատի: Այն, թե ինչպես կարող է միտրալ փականի ռեգուրգիտացիայով սիրտը հաղթահարել այս լրացուցիչ աշխատանքը, կախված է ռեգուրգիացիայի աստիճանից և սրտի արտամղիչ գործունեությունից:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024