Միտրալ փականի հիվանդության պատճառները հասկանալու համար օգտակար է իմանալ, թե նորմայում ինչպես է աշխատում սիրտը:
Միտրալ կամ երկփեղկ փականը սրտի չորս փականներից մեկն է, որոնք ապահովում են արյան հոսքի ճիշտ ուղղությունը: Յուրաքանչյուր փական ունի փեղկեր, որոնք կոչվում են կափույներ: Սրտի յուրաքանչյուր կծկման ընթացքում դրանք մեկ անգամ բացվում և փակվում են: Եթե փականը ճիշտ չի բացվում կամ փակվում, արյան հոսքը սրտով դեպի օրգանիզմի այլ շրջաններ կարող է կրճատվել:
Միտրալ փականի ստենոզի դեպքում միտրալ փականի բացվածքը նեղանում է։ Նման իրավիճակում սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել, որ կարողանա արյունը մղել ավելի փոքր բացվածքով: Արդյունքում արյան հոսքը սրտի վերին ձախ և ստորին ձախ խոռոչների՝ ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև կարող է նվազել:
Միտրալ փականի ստենոզի հիմնական պատճառները հետևյալն են:
- Ռևմատիզմ (ռևմատիկ տենդ). ստրեպտոպտոկային ըմպանաբորբի այս բարդությունը միտրալ փականի ստենոզի ամենատարածված պատճառն է: Երբ ռևմատիզմն ախտահարում և վնասում է միտրալ փականը, զարգանում է միտրալ փականի ռևմատիկ հիվանդություն: Փականային հիվանդության ախտանշանները կարող են աննկատ մնալ ռևմատիզմից տարիներ կամ տասնամյակներ անց:
- Կալցիումական կուտակումներ (դեպոզիտներ). տարիքի հետ միտրալ փականի շուրջ կարող են կուտակվել կալցիումի նստվածքներ: Սա կարող է առաջացնել միտրալ փականի կափույրները պահող կառուցվածքների նեղացում: Այս վիճակը կոչվում է միտրալ օղակաձև (անուլար) կալցիֆիկացում (ՄԱԿ): Ծանր կալցիֆիկացումը կարող է առաջացնել միտրալ ստենոզի ախտանիշներ, որը դժվար է բուժել նույնիսկ վիրահատությամբ։ Միտրալ փականի շուրջ կալցիումի կուտակում ունեցող մարդիկ հաճախ ունենում են նմանատիպ խնդիրներ սրտի աորտայի փականի հետ, որը հանդիսանում է ձախ փորոքի ելքը դեպի գլխավոր զարկերակ՝ աորտա:
- Ճառագայթային թերապիա. սա քաղցկեղի որոշակի տեսակների բուժման տեսակ է: Կրծքավանդակի շրջանի ճառագայթումը երբեմն կարող է հանգեցնել միտրալ փականի պնդացման և կարծրացման: Սրտի փականի վնասումը սովորաբար դրսևորվում է ճառագայթային թերապիայից 20-30 տարի անց:
- Սրտային խնդիր, որն առկա է ի ծնե և կոչվում է սրտի բնածին արատ․ հազվադեպ, որոշ երեխաներ ծնվում են նեղացած միտրալ փականով, որը ժամանակի ընթացքում խնդիրներ է առաջացնում:
- Այլ առողջական խնդիրներ. համակարգային կարմիր գայլախտը (լուպուս) և այլ աուտոիմուն ախտահարումները հազվադեպ կարող են առաջացնել միտրալ փականի ստենոզ:
Ռիսկի գործոններ
Միտրալ փականի ստենոզի զարգացման հավանականությունը բարձրացնող գործոնները հետևյալն են:
- Չբուժված ստրեպտոկոկային վարակներ. չբուժված ստրեպտոկոկային կոկորդի կամ ռևմատիզմի պատմությունը մեծացնում է միտրալ փականի ստենոզի ռիսկը: Ներկայում ԱՄՆ-ում և մյուս զարգացած երկրներում ռևմատիզմը դարձել է հազվադեպ հիվանդություն, սակայն դեռ խնդիր է զարգացող երկրների համար:
- Ծերացում. տարեց մարդիկ ենթարկվում են միտրալ փականի շուրջ կալցիումի կուտակման ավելի մեծ ռիսկի:
- Ճառագայթային թերապիա. ճառագայթումն առաջացնում է միտրալ փականի ձևի և կառուցվածքի փոփոխություններ: Թեև հազվադեպ, սակայն մարդիկ, ովքեր ստանում են ճառագայթային թերապիա կրծքավանդակի հատվածում քաղցկեղի որոշակի տեսակների համար, կարող են ձեռք բերել միտրալ փականի ստենոզ:
- Ապօրինի թմրամիջոցների օգտագործում. ՄԴՄԱ-ն, որը 3,4-մեթիլենդիօքսիմետամֆետամինի հապավումն է և ավելի հայտնի է որպես մոլի կամ էքստազի, մեծացնում է միտրալ փականի հիվանդության ռիսկը:
- Որոշակի դեղամիջոցների օգտագործում. միգրենի դեմ որոշ խմբի դեղամիջոցները, օրինակ՝ էրգո ալկալոիդները (օրինակ՝ Էրգոտամինը) հազվադեպ կարող են առաջացնել սրտի փականի սպիացում, որոնք հանգեցնում են միտրալ ստենոզի: Քաշը կորցնելու հնացած դեղամիջոցները, որոնք պարունակում էին Ֆենֆլուրամին (Պոնդիմին) կամ Դեքսֆենֆլուրամին (Ռեդաքս), նույնպես կապված են սրտի փականային հիվանդության և սրտային այլ խնդիրների հետ: Ֆեն-ֆենը մի օրինակ է, որն այլևս չի վաճառվում Միացյալ Նահանգներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024