Ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել սրտի առողջական վիճակի բարելավմանը:
Եթե ունեք միտրալ փականի ստենոզ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը:
- Ընտրեք սրտի համար առողջարար սննդակարգ. ձեր սննդակարգում ավելացրեք տարբեր մրգերի և բանջարեղենի, անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերքի, թռչնեղենի, ձկնեղենի և ամբողջահատիկավորների չափաբաժինը: Խուսափեք հագեցած և տրանս-ճարպերից: Օգտագործեք ավելի քիչ կերակրի աղ և շաքար:
- Սահմանափակեք կերակրի աղը. սննդի և խմիչքների հետ ստացվող աղը կարող է մեծացնել սրտի ծանրաբեռնվածությունը: Խուսափեք կերակրի աղի (նատրիումի) բարձր պարունակությամբ մթերքներից։ Սննդին սեղանի աղ մի՛ ավելացրեք. Ծանոթացեք պատրաստի մթերքների պիտակներին և դրսում սնվելիս խնդրեք պատրաստել քիչ աղ պարունակող ուտեստներ:
- Պահպանեք առողջ քաշը. եթե ունեք ավելցուկային քաշ կամ գիրություն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր քաշն առողջ նվազեցնելու որոշ եղանակներ: Հարցրեք բժշկին, թե որ քաշն է ձեզ համար համարվում նորմալ:
- Մի՛ ծխեք կամ օգտագործեք ծխախոտ. եթե ծխում եք, թողեք։ Հարցրեք ձեր բժշկին այն միջոցների մասին, որոնք կօգնեն ձեզ թողնել ծխելը: Փոխօգնության խմբին միանալը կարող է օգտակար լինել:
- Սահմանափակեք ալկոհոլը և այլ խթանիչները. ալկոհոլի շատ օգտագործումը, կոֆեինը, նիկոտինը և այլ խթանիչները կարող են առաջացնել սրտազարկի հաճախացումը: Խթանիչները նաև կարող են վատթարացնել սրտի անկանոն ռիթմը, որը նաև կոչվում է առիթմիա:
- Հարցրեք ձեր բժշկին ֆիզիկական վարժանքների մասին. թե ինչ տևողության և ծանրաբեռնվածության վարժանքներ է պետք անել, կարող է կախված լինել ձեր միտրալ ստենոզի ծանրության աստիճանից: Խոսեք ձեր բժշկի հետ ձեզ համար լավագույն վարժանքների քանակի և տեսակի մասին, հատկապես, եթե մտածում եք մրցակցային մարզաձևերով զբաղվելու մասին: Ծանր միտրալ ստենոզով մարդիկ պետք է խուսափեն մրցակցային մարզաձևերից:
- Բաց մի՛ թողեք ձեր կանոնավոր բժշկական այցերն ու ստուգումները. եթե ունեք միտրալ փականի ստենոզ, ձեր բժշկի հետ կանոնավոր հանդիպումները կարևոր են: Ձեզ անհրաժեշտ կլինի էխոսրտագրություն՝ առնվազն տարին մեկ: Եթե հաճախակի սրտխփոց կամ հաճախասրտություն եք զգում, դիմեք բժշկական օգնություն: Բուժումից դուրս մնացած սրտի արագացած ռիթմերը կարող են արագ միտրալ փականի ստենոզով մարդկանց մոտ բերել վիճակի կտրուկ վատթարացման:
- Կառավարեք սթրեսը. գտեք եղանակներ, որոնք կօգնեն կառավարելու ձեր լարվածությունը, օրինակ՝ թուլացնող վարժանքների, մեդիտացիայի, ֆիզիկական ակտիվության և ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու միջոցով:
- Կիրառեք լավ քնի սովորությունները. վատ քունը կարող է մեծացնել սրտային և այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը: Չափահասները պետք է ձգտեն՝ հասնելու օրական 7-9 ժամյա քնի: Երեխաները հաճախ ավելի երկարատև քնի կարիք ունեն: Մտեք անկողին և արթնացեք ամեն օր մոտավորապես նույն ժամին, ներառյալ՝ հանգստյան օրերին: Եթե դժվարանում եք քնել, խոսեք ձեր բժշկի հետ այն մեթոդների մասին, որոնք կարող են ձեզ օգնել:
Հղիություն
Եթե ունեք միտրալ փականի ստենոզ և մտածում եք հղիանալու մասին, կարևոր է, որ խոսեք ձեր բժշկի հետ: Հղիությունն առաջացնում է սրտի լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Այն, թե ինչպես կարող է միտրալ փականի ստենոզով սիրտը հաղթահարել այս լրացուցիչ աշխատանքը, կախված է ստենոզի՝ միտրալ փականի բացվածքի նեղացման աստիճանից և սրտի արտամղիչ գործունեությունից: Բժիշկը նաև կբացատրի, թե որ դեղամիջոցներն են հարաբերականորեն անվտանգ հղիության ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024