Միտրալ փականի ստենոզը սովորաբար դանդաղ է վատթարանում:
Դուք կարող եք երկար տարիներ չունենալ որևէ ախտանիշ կամ նշել միայն թեթև ախտանիշներ: Միտրալ փականի ստենոզի ախտանիշները կարող են ի հայտ գալ ցանկացած, նույնիսկ մանկական տարիքում:
Միտրալ փականի ստենոզի ախտանիշները ներառում են հետևյալը՝
- շնչարգելություն և հևոց, հատկապես ֆիզիկական ակտիվության կամ պառկած վիճակում
- հոգնածություն, հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ
- այտուցված ոտնաթաթեր կամ ոտքեր
- արագացած, թրթռացող կամ բաբախող սրտազարկի զգացողություններ (սրտխփոց)
- գլխապտույտ կամ ուշագնացություն
- ստետոսկոպով լսելիս ոչ նորմալ սրտային հնչույններ, որը նաև կոչվում է սրտի աղմուկ
- թոքերում հեղուկի կուտակում
- սրտի անկանոն ռիթմեր (առիթմիաներ)
- կրծքավանդակում անհարմարավետության զգացողություն կամ ցավ
- հազալիս արյունային խորխ (արյունախխում)։
Միտրալ փականի ստենոզի ախտանիշները կարող են ի հայտ գալ կամ վատթարանալ, երբ սրտի կծկումները հաճախանում են, օրինակ՝ ֆիզիկական վարժանքների ժամանակ: Ցանկացած բան, որն օրգանիզմի համար լարվածություն (սթրես) է առաջացնում, ներառյալ հղիությունը կամ վարակները, կարող է առաջացնել ախտանիշներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Արտահերթ անհետաձգելի այցի համար զանգեք ձեր բժշկին, եթե ունեք կրծքավանդակի շրջանում ցավ, արագացած, թրթռում կամ սրտխփոցի զգացողություն առաջացնող սրտազարկ կամ ֆիզիկական ակտիվության ընթացքում շնչարգելություն կամ հևոց: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այցելել սրտի հիվանդությունների ոլորտում մասնագիտացած բժշկին՝ սրտաբանին:
Եթե ձեզ ախտորոշել են միտրալ փականի ստենոզ, սակայն չեք ունեցել ախտանիշներ, հարցրեք ձեր բժշկին, թե որքան հաճախ պետք է կատարեք բժշկական այցելություններ և պարբերական ստուգումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024