Որպես կանոն, միտրալ փականի ստենոզով մարդկանց բուժմամբ զբաղվում են սրտի հիվանդությունների ոլորտում մասնագիտացված բժիշկները՝ սրտաբանները:
Եթե ունեք միտրալ փականի թեթևից մինչև միջին ծանրության ստենոզ առանց ախտանիշների, հնարավոր է, որ անհապաղ բուժման կարիք չունենաք: Նման դպեքերում ձեզ կառաջարկեն կանոնավոր բժշկական այցեր և ստուգումներ՝ վերահսկելու ձեր վիճակի վատթարացումը:
Միտրալ փականի ստենոզի բուժումը ներառում է դեղամիջոցներ, միտրալ փականի վերականգնում կամ միտրալ փականի փոխարինում և, վերջապես, սրտի բաց վիրահատություն:
Դեղորայքային բուժում
Որոշակի խմբերի դեղամիջոցները սովորաբար նշանակվում են միտրալ փականի ստենոզի ախտանիշները մեղմացնելու համար:
Ձեր բժիշկը կարող է նշանակել հետևյալ դեղերից մեկը կամ մի քանիսը:
- Միզամուղներ (դիուրետիկներ)՝ թոքերում և մարմնի այլ մասերում հեղուկի կուտակումը նվազեցնելու կամ կանխելու համար:
- Հակամակարդիչներ կամ արյունը ջրիկացնողներ (անտիկոագուլյանտներ)՝ արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորման կանխարգելման համար, եթե ունեք անկանոն սրտազարկի նախասրտերի ֆիբրիլացիա (շողացող առիթմիա) կոչվող տեսակը: Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է արյան մակարդուկների և ինսուլտի ռիսկը:
- Բետա-պաշարիչներ (բ-բլոկլերներ), կալցիումական անցուղիների պաշարիչներ (կալցիումի անտագոնիստներ) կամ այլ սրտային դեղամիջոցներ՝ սրտի կծկումների հաճախականությունը նվազեցնելու համար:
- Սրտի ռիթմի դեղամիջոցներ (հակաառիթմիկներ)՝ նախասրտերի ֆիբրիլյացիայի կամ սրտի ռիթմի այլ խանգարումների բուժման համար:
- Հակաբիոտիկներ՝ ռևմատիզմի վերադարձը (ռեցիդիվ) կանխելու համար, եթե վերջինս վնասել է միտրալ փականը:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Ախտահարված կամ վնասված միտրալ փականը կարող է ի վերջո վերականգնման կամ փոխարինման կարիք ունենալ, նույնիսկ եթե ախտանիշներ չունեք: Եթե ձեզ անհրաժեշտ է վիրահատություն մեկ այլ սրտային հիվանդության համար, վիրաբույժը կարող է միաժամանակ կատարել միտրալ փականի վերականգնում կամ փոխարինում:
Դուք և ձեր բժիշկը միասին կարող եք քննարկել ձեզ համար լավագույն բուժման տարբերակը: Միտրալ փականի ստենոզի վիրահատությունները և միջամտությունները կարող են ներառել հետևյալը:
- Բալոնային վալվուլոպլաստիկա. այս միջամտությունը կատարվում է նեղացած բացվածքով միտրալ փականը վերականգնելու համար: Այն օգտագործում է բարակ սնամեջ ճկուն խողովակ, որը կոչվում է կաթետեր և փոքրիկ փուչիկ (բալոն): Բժիշկն ազատ ծայրին բալոն ունեցող կաթետերը ներմուծում է սովորաբար աճուկային զարկերակով և այն ուղղորդում է դեպի միտրալ փական: Բալոնը փչվում է՝ լայնացնելով միտրալ փականի բացվածքը։ Այնուհետև, բալոնի օդը դուրս է հանվում և կաթետերը բալոնի հետ միասին հեռացվում է: Վալվուլոպլաստիկա կարող է առաջարկվել, նույնիսկ եթե դուք ախտանիշներ չունեք: Բայց ոչ բոլորն, ովքեր ունեն միտրալ փականի ստենոզ, կարիք ունեն անցնելու այս միջամտությունը: Խոսեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե արդյոք այս տարբերակը ձեզ ցուցված է: Այս միջամտությունը տրանսկաթետերային միջամտության թերապիայի տեսակ է։ Բալոնային վալվուլոպլաստիկայի այլ անվանումներն են՝ միտրալ բալոնային վալվոտոմիա, միջմաշկային (պերկուտանեոզ) միտրալ բալոնային կոմիսուրոտոմիա կամ միջմաշկային (պերկուտանեոզ) տրանսվենոզ միտրալ կոմիսուրոտոմիա:
- Փականի վերականգնում սրտի բաց վիրահատությամբ. եթե կաթետերային միջամտությունը ցուցված չէ կամ չի կարող անցկացվել, կարող է առաջարկվել սրտի բաց վիրահատություն, որը կոչվում է բաց վալվոտոմիա: Վիրահատությունը նաև կոչվում է վիրահատական կոմիսուրոտոմիա: Այն հեռացնում է կալցիումի կուտակումները և այլ սպական հյուսվածքները, որոնք արգելափակում են միտրալ փականի ճիշտ բացումը: Այս վիրահատության ընթացքում արյունահոսությունը կանխելու համար սրտի աշխատանքը դադարեցվում է և սիրտ-թոքային մեքենան ժամանակավորապես ստանձնում է սրտի աշխատանքը: Միտրալ փականի ստենոզը կրկնվելիս բաց վալվոտոմիան կարող է կրկնվել:
- Միտրալ փականի փոխարինում. եթե միտրալ փականը չի կարող վերականգնվել, կարող է առաջարկվել վնասված փականը փոխարինելու վիրահատություն: Վնասված փականը փոխարինվում է մեխանիկական կամ կովի, խոզի կամ մարդու սրտի հյուսվածքից պատրաստված փականով: Կենդանական կամ մարդու հյուսվածքից պատրաստված փականը կոչվում է կենսաբանական հյուսվածքային փական: Կենսաբանական հյուսվածքային փականները ժամանակի ընթացքում քայքայվում են և հնարավոր է, որ փոխարինելու անհրաժեշտություն լինի: Մեխանիկական փականներ ունեցող մարդիկ պետք է ամբողջ կյանքի ընթացքում ընդունեն հակամակարդիչներ՝ արյան մակարդուկների առաջացումը կանխելու համար: Դուք և ձեր բժիշկը պետք է միասին քննարկեք արհեստական փականի յուրաքանչյուր տեսակի առավելություններն ու ռիսկերը՝ ձեզ համար լավագույն տարբերակը ընտրելու համար:
Միտրալ ստենոզի համար միջամտության ենթարկված կամ վիրահատված մարդկանց կանխատեսումը (պրոգնոզը) ընդհանուր առմամբ լավ է: Սակայն, ավելի մեծ տարիքը, ընդհանուր վատ առողջական վիճակը և փականների վրա կամ դրա շուրջը կալցիումական մեծ կուտակումները մեծացնում են վիրահատական բարդությունների ռիսկը: Երկարաժամկետ թոքային հիպերտենզիան՝ թոքային արյունատար անոթներում բարձր արյան ճնշումը, փականային վիրահատությունից հետո կարող է վատթարացնել ելքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024