Մկանային ձգվածության առաջին օգնության համար փորձեք անգլերեն R.I.C.E. հապումը ստացած մոտեցումը՝ հանգիստ (Rest), սառույց (Ice), սեղմում (Compression), բարձրացում (Elevation)։
- Հանգիստ․ խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք առաջացնում են ցավ, այտուց կամ անհարմարավետություն: Այնուամենայնիվ, մի՛ խուսափեք բոլոր տեսակի ֆիզիկական ակտիվությունից:
- Սառույց․ նույնիսկ եթե դիմել եք բժշկական օգնության, անմիջապես սառցացրեք վնասված շրջանը: Օգտագործեք 15-20 րոպեանոց սառցեպարկ կամ սառույցով և ջրով թրջոցներ և կրկնեք դա ցերեկվա ժամերին յուրաքանչյուր երկու-երեք ժամը մեկ, վնասվածք ստանալուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում:
- Սեղմում․ այտուցվածության դադարեցմանն օգնելու համար սեղմեք վնասված տարածքը առաձգական (էլաստիկ) բինտով՝ մինչև այտուցն անցնի: Մի՛ փաթաթեք այն շատ ամուր, այլապես կարող եք խանգարել շրջանառությանը: Սկսեք փաթաթել ձեր սրտից ամենահեռու ծայրից: Թուլացրեք փաթաթանը, եթե ցավը սաստկանում է, տարածքը թմրում է կամ բինտի տակ այտուց է առաջանում: Նման դեպքերում անմիջապես դիմեք ձեր բժշկին:
- Բարձրացում․ բարձրացրեք վնասված շրջանը ձեր սրտի մակարդակից բարձր, հատկապես գիշերը, ինչը թույլ է տալիս, որ ծանրության ուժի տակ այտուցը մեղմանա:
Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս խուսափել սովորական ցավազրկող դեղամիջոցներից, որոնք կարող են մեծացնել արյունահոսության ռիսկը, ինչպիսիք են Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) մկանների գերձգումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում: Այս ժամանակահատվածում որպես ցավազրկող կարող եք ընդունել Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն):
Ֆիզիոթերապևտը կարող է օգնել, որ առավելագույնի հասցնեք վնասված հոդի կամ վերջույթի կայունությունն ու ուժը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ ժամանակավորապես անշարժացնեք այդ հատվածը բեկակալով (ֆիքսատոր): Որոշ վնասվածքների դեպքում, օրինակ, երբ ջիլը պատռված է, կարելի է դիտարկել վիրահատական վերականգնման տարբերակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024