Առողջական խնդիրներ
Մկանային դիստրոֆիա

2 րոպե
Մկանային դիստրոֆիան ներառում է մի շարք հիվանդություններ խումբ, որոնք ախտահարում են շարժումներն իրականացնող մկանները:
Այս հիվանդությունները ժամանակի ընթացքում առաջ են բերում մկանային թուլություն: Մկանային դիստրոֆիան որևէ լուրջ բուժում չունի, սակայն դեղերը և ֆիզիոթերապիան կարող են օգնել գանգատների մեղմացմանը և դանդաղեցնել հիվանդության հարաճուն զարգացումը:
Ի՞նչ է մկանային դիստրոֆիան
Մկանային դիստրոֆիան միավորվում է գենետիկ (ժառանգվող) հիվանդությունների մի խումբ, որոնք ընթանում են շարժիչ մկանների ախտահարմամբ: Երբեմն ախտաբանական գործընթացներում կարող են ներգրավվել նաև սիրտը և այլ մկաններ:
Եթե ձեզ մոտ առկա է մկանային դիստրոֆիա, ձեր օրգանիզմը չի հասցնում արտադրել այնքան սպիտակուց, որ բավարարի առողջ մկանի նորմալ գործունեությունը: Նման վիճակն առաջ է բերում աստիճանական մկանային թուլության և մկանային հյուսվածքի հետաճ և կորուստ:
Մկանային դիստրոֆիայի տեսակները
Կան մկանային դիստրոֆիայի բազմաթիվ տարբեր տեսակենր: Դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝
- Դյուշենի դիստրոֆիա, երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը սովորաբար հայտնաբերվում է տղաների մոտ, թեև աղջիկները կարող են հանդիսանալ հիվանդության կրողներ
- Բեքերի դիստրոֆիա, որը նման է առաջին տեսակին, սակայն ընթանում և զարգանում է ավելի թեթև
- միոտոնիկ դիստրոֆիա, որը չափահասների մոտ ամենահաճախ հանդիպող տեսակն է, դրսևորվում է օգտագործելուց հետո մկանները թուլացնելու անկարողությամբ և զարգանում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ
- ֆասցիոսկապուլոհումերալ դիստրոֆիա (ՖՍՀԴ), որի ժամանակ ախտանիշները սովորաբար սկսվում են դեմքից և ուսագոտուց, ի հայտ են գալիս անչափահաս կամ ավելի ուշ տարիքում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ
- վերջույթագոտկային դիստրոֆիա, որի ժամանակ առաջինն ախտահարվում են ազդրի և ուսագոտու մկանները և սովորաբար ի հայտ է գալիս մանկական կամ անչափահաս տարիքի ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ:
Հիվանդության այլ տեսակներից են Էմերի-Դրեյֆուսսի, օկուլոֆարինգեալ, դիստալ և կոնգենիտալ մկանային դիստրոֆիաները:
Մկանային դիստրոֆիայի ախտանիշները
Մկանային դիստրոֆիայի ժամանակ մկաններն աստիճանաբար թուլանում են, որը կարող է առաջացնել հետևյալ խնդիրները՝
- հաճախ վայր ընկնելու դրվագներ և կանգնելու հետ կապված դժվարություններ
- քայլելու և տեղաշարժվելու դժվարություններ
- շնչելու հետ կապված դժվարություն
- մեջքի կորացում (սկոլիոզ)
- սրտային խնդիրներ
- կլման դժվարություն:
Մկանային դիստրոֆիայի ախտորոշումը
Մկանային դիստրոֆիան հաճախ ախտորոշվում է գենետիկ հետազոտության միջոցով:
Ախտորոշիչ այլ մեթոդներից են՝
- արյան հետազոտություն (ֆերմենտներ)
- մկանի բիոպսիա
- նյարդային համակարգի հետազոտություններ
- ՄՌՏ պատկերում
- սրտի, թոքերի կամ մկանների այլ հետազոտություններ:
Մկանային դիստրոֆիայի բուժումը
Ցավոք, մկանային դիստրոֆիայի արդյունավետ բուժում գոյություն չունի: Բուժման հիմնական նպատակը մկանների ախտահարման և շարժունակության առկա վիճակը հնարավորինս երկար պահպանելն է:
Բուժումը կախված է մկանային դիստրոֆիայի տեսակից: Բժիշկը կարող է առաջարկել դեղերի ընդունում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, վիրահատական միջամտություններ և այլն:
Մկանային դիստրոֆիայի բուժումներից են՝
- կորտիկոստերոիդներ (ստերոիդ դեղեր)
- սրտային դեղեր կամ փեյսմեյքեր, եթե առկա է սրտամկանի ախտահարում
- շնչառության օժանդակող միջոցներ (գազափոխանակության և այլ սարքեր), եթե առկա է շնչառական մկանների ախտահարում
- հենակներ և անվասայլակներ, որոնք օգնում են մարդու տեղաշարժմանը և շրջապատից հնարավորինս անկախ կենսակերպին
- կորացած ողնաշարը շտկող վիրահատություն
- ձգող վարժանքներ
- ցածր ծավալի վարժանքներ, օրինակ՝ քայլք կամ լող, որոնք կարող են բարելավել ընդհանուր առողջական վիճակը, շարժունակությունը և մկանային ուժը
- տեղաշարժման օժանդակող միջոցներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-03-2020 վերանայվել է՝ 01-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: