Ձեր յուրաքանչյուր աչքն ունի երկու մաս, որոնք հստակեցնում են պատկերները:
Դրանք են՝
- եղջերաթաղանթ, որը ձեր աչքի առջևի թափանցիկ, ուռուցիկ մակերեսն է
- ոսպնյակ, որը M&M's կոնֆետի չափի և ձևի թափանցիկ կառուցվածք է:
Որպեսզի դուք տեսնեք, լույսը պետք է թափանցի եղջերաթաղանթով և ոսպնյակով: Դրանք բեկում են լույսը (ռեֆրակցիա) այնպես, որ այն կիզակետվի անմիջապես ձեր աչի ետևում գտնվող նյարդային հյուսվածքի մակերեսին (ցանցաթաղանթ կամ ռետինա): Այս հյուսվածքները լույսը փոխակերպում են նյարդային ազդանիշների, որոնք տեսողական նյարդով փոխանցվում են գլխուղեղ, իսկ վերջինս էլ թույլ է տալիս ընկալել պատկերներ:
Աչքի բեկունակության (ռեֆրակցիոն) թերություններ
Կարճատեսությունը ռեֆրակցիոն՝ լուսաբեկունության թերություն է: Այս խնդիրն առաջանում է, երբ եղջերաթաղանթի ձևը կամ վիճակը կամ բուն ակնագնդի ձևը թույլ չեն տալիս, որ աչքով անցնող լույսը ճիշտ կիզակետվի ցանցաթաղանթի անմիջապես մակերեսին:
Կարճատեսությունը սովորաբար առաջանում է, երբ ակնագունդը խիստ երկար կամ ձվաձև է, այլ ոչ թե գնդաձև (առանցքային կարճատեսություն): Այն նաև կարող է առաջանալ, եթե եղջերաթաղանթը նորմայից ավելի կորացած է (ռեֆրակցիոն կարճատեսություն): Այսպիսի փոփոխությունների հետևանքով լույսի ճառագայթները կիզակետվում են ոչ թե ոչ թե ցանցաթաղանթի մակերեսին, այլ՝ առջևում, որի հետևանքով ցանցաթաղանթի վրա չի ստացվում դիտվող առարկայի հստակ պատկերը և խաթարվում է տեսողության սրությունը՝ գլխուղեղն ընկալում է մշուշոտ պատկերներ:
Կարճատեսությունից բացի, լուսաբեկունության այլ թերությունները ներառում են հետևյալը:
- Հեռատեսություն (հիպերոպիա). հեռատեսությունը սովորաբար առաջանում է, երբ ձեր ակնագունդն ավելի կարճ է, քան նորման (առանցքային հեռատեսություն), կամ ձեր եղջերաթաղանթը նորմայից ավելի քիչ է կորացած (ռեֆրակցիոն հեռատեսություն): Որոշ մարդիկ կարող են հեռավոր առարկաները տեսնել ինչ-որ չափով հստակ, սակայն մոտիկ առարկաները թվում են մշուշոտ: Հեռատեսությամբ որոշ մարդկանց համար առարկաներն ընկալվում են մշուշոտ բոլոր տարածությունների վրա:
- Աստիգմատիզմ. սա առաջանում է, երբ ձեր եղջերաթաղանթը կամ ոսպնյակը մի ուղղությամբ ավելի շատ են կորացած, քան մյուս ուղղությամբ: Տեսողությունը խաթարված կամ մշուշոտ է բոլոր հեռավորությունների համար:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել կարճատեսության զարգացման հավանականությունը:
- Գենետիկա. կարճատեսությունը հակված է հանդիպեսլ ընտանիքներում: Եթե ձեր ծնողներից մեկը կարճատես է, ձեզ մոտ ապա այս վիճակի զարգացման ռիսկը մեծանում է: Ռիսկն ավելի մեծ է, եթե երկու ծնողներն էլ կարճատես են:
- Երկարատև մոտիկ-տեսողական գործեր. երկարատև ընթերցանությունը կամ մոտիկից այլ գործողություններ կապված են կարճատեսության բարձր ռիսկի հետ:
- Էկրանի առջև ծախսված ժամանակ. հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգիչներով, սմարտֆոններով կամ այլ խելացի սարքերով զբաղվելիս, ենթարկվում են կարճատեսության զարգացման ավելի մեծ ռիսկի:
- Միջավայրային պայմաններ. որոշ ուսումնասիրություններ հաստատում են այն գաղափարը, որ դրսում անցկացրած ժամանակի քչությունը կարող է մեծացնել կարճատեսության ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024