Առողջական խնդիրներ
Կարճատեսություն (միոպիա)

3 րոպե
Կարճատեսությունը կամ միոպիան տեսողության խանգարում է, որի արդյունքում մարդիկ սկսում են վատ տեսնել հեռվում գտնվող առարկաները։
Սակայն, կարճատեսությամբ անձը կարող է անհամեմատ բարելավել իր տեսողությունն ակնոցների, կոնտակտային լինզաների կամ տեսողությունը շտկող լազերային վիրահատության շնորհիվ: Կարճատեսությունը սովորաբար առաջին անգամ ի հայտ է գալիս մանկական տարիքում:
Ի՞նչն է առաջացնում կարճատեսություն
Երբ լույսը մուտք է գործում աչքեր, այն բեկվում է եղջերաթաղանթների (աչքի առջևում առկա թափանցիկ թաղանթ) և ոսպնյակների կողմից: Նորմալ տեսողության պայմաններում աչքում բեկվելուց հետո լույսի ճառագայթները կիզակետվում են անմիջապես ցանցաթաղանթի՝ աչքի հետին մասում տեղակայված թաղանթի վրա: Հակառակ սրան, կարճատեսության պայմաններում բեկված լույսը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրա առջևում, որի հետևանքով ցանցաթաղանթի վրա չի ստացվում դիտվող առարկայի հստակ պատկերը։
Կարճատեսությունը սովորաբար ի հայտ է գալիս 6-8 տարեկան հասակում և մի քանի տարվա ընթացքում կարող է ավելի խորանալ: Այն կարող է զարգանալ նաև ավելի ուշ՝ վաղ չափահաս տարիքում: Ժամանակի ընթացքում կարճատեսության տարածվածությունը մեծանում է:
Կարճատեսությունը կապված է նաև տեսողական երկարատև աշխատանքի՝ ընթերցանության, դպրոցական գրավոր աշխատանքների, ինչպես նաև համակարգչի վրա երկար ժամանակ անցկացնելու և, դրան հակառակ, դրսի կամ բակի հետ կապված ցածր ակտիվության հետ:
Դուք կարող եք նաև կարճատեսության հակումը ժառանգել ձեր ծնողներից:

Ինչպե՞ս կարող եմ ես հասկանալ, որ ունեմ կարճատեսություն
Եթե ունեք կարճատեսություն, ապա կարող եք զգալ, որ ի տարբերություն այլ մարդկանց, դուք վատ՝ աղավաղված եզրագծերով կամ մշուշված եք տեսնում համեմատաբար հեռվում գտնվող առարկաները։ Տեսողության վատացումը կարող է էլ ավելի ակնառու է դառնալ անբավարար լուսավորության կամ մութ պայմաններում:
Կարճատեսությամբ երեխաները կարող են դժվարությամբ ընթերցել գրատախտակի տեքստերը կամ դժկամությամբ զբաղվել սուր տեսողություն պահանջող բակային խաղերով: Նույն կերպ, դուք կարող եք նկատել, որ երեխան հեռուստացույց դիտելիս էկրանին շատ մոտիկ է նստում:
Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան ունեք կարճատեսություն, ապա դիմեք ձեր բժշկին: Կարճատեսության առկայությունը հեշտությամբ հաստատվում է տեսողության պարզ հետազոտությամբ:
Կարճատեսության ախտորոշումը
Կարճատեսությունը կարող է հայտնաբերվել օկուլիստի կամ ակնաբույժի կողմից տեսողության ստուգման միջոցով:
Երեխաների տեսողությունը սովորաբար ստուգվում է դպրոց ընդունվելիս կամ ուսման ընթացքում:
Տարբերում են կարճատեսության 3 աստիճան՝
- թույլ՝ մինչև 3,0 D
- միջին՝ 3,0-6,0 D
- ուժեղ՝ 6,0 D և ավելի։
Ուժեղ կարճատեսությունը պետք է տարբերել չարորակ կարճատեսությունից, որի դեպքում առաջանում են աչքի ցանցաթաղանթի և անոթաթաղանթի օրգանական փոփոխություններ (արյունազեղում, ատրոֆիա, ցանցաթաղանթի շերտազատում և այլն) և պատճառ դառնում տեսողության տարբեր աստիճանի կորստի։
Կարճատեսության բուժումը
Կարճատեսությունը սովորաբար շտկվում է օպտիկական (ոչ արևային) ակնոցի միջոցով: Կոնտակտային լինզաները կարող են փոխարինել ակնոցներին, սակայն երեխաների համար ավելի ընդունելի է ակնոցի կրումը: Չափահասներին կարող է առաջարկվել նաև լազերային ռեֆրակտիվ վիրահատական միջամտություն:
Կան որոշ տվյալներ այն մասին, որ երեխաների մոտ կարճատեսության հարաճուն խորացումը կարող է դանդաղեցվել որոշակի բուժմամբ: Զրուցեք այս թեմայով ձեր ակնաբույժի հետ:
Նույնիսկ եթե դուք ձեր տեսողության վերաբերյալ որևէ գանգատ կամ խնդիր չունեք, ճիշտ կլինի յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ ստուգել ձեր աչքերը և տեսողությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-10-2019 վերանայվել է՝ 19-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: