Կարճատեսության բուժման ստանդարտ նպատակն է բարելավել տեսողությունը՝ օգնելով լույսի կիզակետմանը ձեր ցանցաթաղանթի մակերևույթին ուղղիչ ոսպնյակների կամ ռեֆրակցիոն վիրահատության միջոցով:
Իրականում, ակնոցը կամ կոնտակտային լինզաներն ամբողջովին չեն կարող բուժել մարդու խախտված տեսողությունը, այլ պարզապես հնարավորություն են տալիս, որ կարճատես մարդիկ ապրեն ավելի հարմարավետ։ Կարճատեսության վերահսկումը նաև ներառում է այդ վիճակի բարդությունների, ներառյալ գլաուկոմայի, կատարակտի և ցանցաթաղանթի շերտազատման կանոնավոր մշտադիտարկում:
Ուղղող ոսպնյակներ
Ուղղիչ ոսպնյակներ կրելը բուժում է կարճատեսությունը՝ հակազդելով ձեր եղջերաթաղանթի կորության աճին կամ ձեր աչքի երկարության ավելացմանը: Ակնաբույժը կամ օկուլիստը կարող են նշանակել ոսպնյակների հետևյալ տեսակները:
- Ակնոց. սա կարճատեսության հետևանքով առաջացած խանգարված տեսողությունը բարելավելու պարզ, անվտանգ միջոց է: Ակնոցի ոսպնյակները կարող են նախագծվել նաև ռեֆրակցիոն սխալների համակցությունը շտկելու համար, ինչպիսիք են կարճատեսությունը, աստիգմատիզմը և պրեսբիոպիան:
- Կոնտակտային լինզաներ. կոնտակտային լինզաները փոքր, պլաստիկ սկավառակներ են, որոնք տեղադրվում են անմիջապես եղջերաթաղանթի վրա: Մեկ կոնտակտային լինզան կարող է ուղղել մեկից ավելի ռեֆրակցիոն սխալներ: Կոնտակտային լինզաները պահանջում են մի շարք նյութեր և մշտական խնամք: Ակնաբույժը կարող է խորհուրդ տալ կոնտակտային լինզաներ, որոնք առավել հարմար են ձեր տեսողության վիճակի և ապրելակերպի համար:
Ռեֆրակցիոն վիրահատություն
Ռեֆրակցիոն վիրահատությունը նվազեցնում է ակնոցների և կոնտակտային լինզաների կարիքը: Ձեր աչքի վիրաբույժն օգտագործում է լազեր՝ եղջերաթաղանթը ձևափոխելու համար, որի շնորհիվ նվազում է ոսպնյակների կարիքը: Սակայն, նույնիսկ վիրահատությունից հետո դուք կարող եք որոշ ժամանակ օգտագործել ակնոց:
- Լազեր-օժանդակող in situ կերատոմիլեուս (LASIK). այս միջամտությամբ ձեր աչքի վիրաբույժը ձեր եղջերաթաղանթի մեջ ստեղծում է բարակ, փեղկավոր ծալք: Այնուհետև նա օգտագործում է լազեր՝ հեռացնելու եղջերաթաղանթի հյուսվածքը և հարթեցնելու նրա գմբեթավոր կորությունը: LASIK վիրահատությունից հետո վերականգնումը սովորաբար ավելի արագ է և ավելի քիչ անհանգստություն է առաջացնում, քան եղջերաթաղանթի այլ վիրահատությունները:
- Լազեր-օժանդակող ենթաէպիթելային կերատեկտոմիա (LASEK). վիրաբույժը եղջերաթաղանթի արտաքին պաշտպանիչ ծածկույթում (էպիթելում) ստեղծում է գերբարակ փեղկ: Այնուհետև նա օգտագործում է լազեր՝ եղջերաթաղանթի ձևը վերափոխելու համար՝ հարթեցնելով դրա կորությունը, որից հետո փոխարինում է էպիթելը:
- Ֆոտոռեֆրակցիոն կերատէկտոմիա (PRK). այս միջամտությունը նման է LASEK-ին, սակայն վիրաբույժը ամբողջությամբ հեռացնում է էպիթելը, այնուհետև օգտագործում է լազեր՝ փոքրացնելու եղջերաթաղանթի կորությունը: Ժամանակավոր, պաշտպանիչ կոնտակտային լինզան ծածկում է եղջերաթաղանթը, մինչև էպիթելը բնական կերպով վերականգնվի՝ համապատասխանելով ձեր եղջերաթաղանթի նոր ձևին:
- Փոքր հատմամբ լենտիկուլայի հեռացում (SMILE). այս միջամտության ժամանակ աչքի վիրաբույժը չի ստեղծում էպիթելի փեղկ կամ հեռացում այն: Փոխարենը, լազերի օգնությամբ հատում են եղջերաթաղանթի սկավառակի ձևով փոքր հատվածը (լենտիկուլա), որն այնուհետև հեռացվում է եղջերաթաղանթի փոքր կտրվածքով:
Վիրահատական բուժումը ցուցված չէ կարճատեսություն ունեցող բոլոր մարդկանց համար: Վիրահատությունը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ կարճատեսությունն այլևս չի խորանում: Ձեր վիրաբույժը կբացատրի վիրաբուժական բուժման տարբերակների առավելություններն ու ռիսկերը:
Կարճատեսության հարաճուն զարգացումը դանդաղեցնող կամ դադարեցնող բուժումներ
Հետազոտողները և բժիշկները շարունակում են ավելի արդյունավետ մոտեցումներ փնտրել երեխաների և դեռահասների մոտ կարճատեսության հարաճուն զարգացումը դանդաղեցնելու համար: Առավել խոստումնալից բուժումները ներառում են հետևյալ տարբերակները:
- Ատրոպին. Ատրոպինի կաթիլները սովորաբար օգտագործվում են աչքի բիբը լայնացնելու համար, հաճախ՝ որպես աչքի զննման մաս կամ աչքի վիրահատությունից առաջ և հետո: Ատրոպինային աչքի կաթիլների ցածր դեղաչափերը նաև կարող են օգնել դանդաղեցնելու կարճատեսության առաջընթացը:
- Դրսում անցկացվող ժամանակի ավելացում. մանկական, պատանեկության և վաղ հասուն տարիքում դրսում բավարար ժամանակ անցկացնելը կարող է նվազեցնել կարճատեսության զարգացման ռիսկը:
- Երկակի ֆոկուսով կոնտակտային լինզաներ. նման լինզաների մի տեսակը կարող է որոշակի բարենպաստ ազդեցություն թողնել կարճատեսության խորացման դանդաղեցման վրա:
- Օրթոկերատոլոգիա. գիշերվա ընթացքում կրած կոշտ կոնտակտային լինզան ժամանակավորապես վերաձևում է եղջերաթաղանթը: Այն դի դրվում ցերեկային ժամերին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բուժումը կարող է դանդաղեցնել կարճատեսության խորացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024