Նարկոլեպսիայի ախտանիշները կարող են վատթարանալ խանգարման առաջին մի քանի տարիների ընթացքում:
Հետո նրանք շարունակում են ողջ կյանքի ընթացքում։ Դրանք ներառում են հետևյալը:
- Ավելցուկային ցերեկային քնկոտություն. նարկոլեպսիայով մարդիկ նիրհում կամ քնում են առանց նախազգուշական նախանշանի: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Դա կարող է պատահել, երբ դուք ձանձրանում եք կամ որևէ խնդիր եք լուծում: Օրինակ, դուք կարող եք աշխատել կամ զրուցել ձեր ընկերների հետ և հանկարծ քնել: Հատկապես վտանգավոր կարող է լինել, եթե քնել եք ավտոմեքենա վարելիս։ Դուք կարող եք քնել ընդամենը մի քանի րոպե կամ մինչև կես ժամ: Արթնանալուց հետո հաճախ կզգաք թարմություն, բայց նորից կքնեք: Դուք կարող եք նաև զգալ օրվա ընթացքում ձեր զգոնության և կենտրոնացվածության նվազում: Ցերեկային քնկոտությունը հաճախ առաջին ախտանիշն է, որն ի հայտ է գալիս։ Քնկոտության զգացումը դժվարացնում է կենտրոնանալն ու գործելը: Նարկոլեպսիայով որոշ մարդիկ շարունակում են իրենց առաջադրանքը կատարել, երբ կարճատև քնում են: Օրինակ՝ դուք կարող եք քնել գրելիս, մուտքագրելիս կամ վարելիս: Դուք կարող եք շարունակել կատարել այդ առաջադրանքը քնած ժամանակ: Երբ դուք արթնանում եք, չեք կարող հիշել, թե ինչ եք արել, և հավանաբար դա լավ չեք արել:
- Մկանային տոնուսի հանկարծակի կորուստ. Այս վիճակը կոչվում է կատապլեքսիա: Դա կարող է առաջացնել խոսքի խանգարում կամ մկանների մեծ մասի լիակատար թուլություն: Ախտանիշները կարող են տևել մինչև մի քանի րոպե: Կատապլեքսիան չի կարող վերահսկվել: Այն առաջանում է բուռն զգացմունքներից: Հաճախ կատապլեքսիա առաջացնող հույզերը դրական են: Ծիծաղը կամ հուզմունքը կարող են առաջացնել ախտանիշները: Սակայն, երբեմն վախը, զարմանքը կամ զայրույթը կարող են հանգեցնել մկանային տոնուսի կորստի: Օրինակ, երբ դուք ծիծաղում եք, ձեր գլուխը կարող է կախ ընկնել առանց ձեր վերահսկողության: Կամ ձեր ծնկները կարող են հանկարծակի կորցնել ուժը, ինչի հետևանքով դուք ընկնեք: Նարկոլեպսիայով որոշ մարդիկ տարեկան ունենում են կատապլեքսիայի միայն մեկ կամ երկու դրվագ: Մյուսները օրական մի քանի դրվագ են ունենում: Նարկոլեպսիայով ոչ բոլորն ունեն այս ախտանիշները:
- Քնի կաթված (պարալիզ). նարկոլեպսիայով մարդիկ հաճախ ունենում են քնի կաթված: Քնի կաթվածի ժամանակ դուք չեք կարող շարժվել կամ խոսել քնելու կամ արթնանալու ժամանակ: Այն սովորաբար կարճ է` տևում է մի քանի վայրկյան կամ րոպե: Սակայն դա կարող է վախեցնող լինել: Դուք կարող եք տեղյակ լինել դրա մասին և կարող եք հիշել այն հետո: Քնի կաթվածով բոլորը չէ, որ ունեն նարկոլեպսիա:
- Ցնորքներ (հալյուցինացիաներ). երբեմն մարդիկ քնի կաթվածի ժամանակ տեսնում են բաներ, որոնք չկան: Ցնորքներ նաև կարող են առաջանալ անկողնում, առանց քնի կաթվածի: Դրանք կոչվում են հիպնագոգիկ ցնորքներ, եթե դրանք տեղի են ունենում, երբ դուք քնում եք և կոչվում են հիպնոպոմպիկ ցնորքներ, եթե դրանք առաջանում են արթնանալուց հետո: Օրինակ՝ դուք կարող եք զգալ, որ ձեր ննջասենյակում անծանոթ մարդ կա։ Այս ցնորքները կարող են վառ և վախեցնող լինել, քանի որ դուք կարող եք լիովին քնած չլինել, երբ սկսեք երազներ տեսնել:
- Աչքերի արագ շարժման (REM) քնի փոփոխություններ. աչքերի արագ շարժման (REM) քնի փոփոխություններ. REM քունն այն է, երբ առավել շատ երազատեսության դրվագներ են լինում: Սովորաբար մարդիկ REM քնի մեջ են մտնում քնելուց 60-90 րոպե հետո: Սակայն նարկոլեպսիայով մարդիկ հաճախ ավելի արագ են անցնում REM քնի փուլ: Նրանք հակված են մտնել REM քնի մեջ քնելուց հետո 15 րոպեի ընթացքում: REM քունը կարող է տեղի ունենալ նաև օրվա ցանկացած ժամի:
Այլ բնութագրիչներ
Նարկոլեպսիայով մարդիկ կարող են ունենալ քնի այլ խանգարումներ: Նրանք կարող են ունենալ օբստրուկտիվ քնի ապնոէ, որի դեպքում շնչառությունը սկսվում և դադարում է քնի ընթացքում: Կամ նրանք կարող են խաղալ իրենց երազները, որը հայտնի է որպես REM քնի վարքային խանգարում: Կամ նրանք կարող են դժվարություններ ունենալ քնելու կամ քնած մնալու հետ, որը կոչվում է անքնություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ավելցուկային ցերեկային քնկոտություն, որը խանգարում է ձեր անձնական կամ մասնագիտական առօրյան:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024