Նարկոլեպսիան վերջնական բուժում չունի, սակայն դեղերը և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ձեզ կառավարելու ախտանիշները:
Դեղորայքային բուժում
Նարկոլեպսիայի բուժման մեջ նշանակվող հիմնական դեղերը կամ դրանց խմբերը ներկայացված են ստորև:
- Խթանիչներ. դեղամիջոցները, որոնք խթանում են կենտրոնական նյարդային համակարգը, հիմնական բուժումն են, որոնք օգնում են նարկոլեպսիայով տառապող մարդկանց օրվա ընթացքում արթուն մնալ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ Մոդաֆինիլ (Պրովիգիլ) կամ Արմոդաֆինիլ (Նուվիգիլ): Այս դեղամիջոցներն այնքան կախվածություն չեն առաջացնում, որքան հին խթանիչները: Դրանք նաև չեն առաջացնում էյֆորիաներ և տրամադրության անկումներ, որոնք կապված են ավելի հին խթանիչների հետ: Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են, սակայն կարող են ներառել գլխացավ, սրտխառնոց կամ անհանգստություն: Սոլրիամֆետոլը (Սունոսի) և Պիտոլիսանտը (Վակիքս) ավելի նոր խթանիչներ են, որոնք օգտագործվում են նարկոլեպսիայի համար: Պիտոլիսանտը նաև կարող է օգտակար լինել կատապլեքսիայի դեպքում: Որոշ մարդիկ բուժման կարիք ունեն Մեթիլֆենիդատով (Ռիտալին, Կոնցերտա և այլն) կամ Ամֆետամիններով (Ադդերալ XR 10, Դեքսեդրին և այլն): Այս դեղամիջոցներն արդյունավետ են, սակայն կարող են կախվածություն ձևավորել: Դրանք կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, ինչպիսիք են նյարդայնությունը և սրտխփոց:
- Սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչներ (ՍՀԸԱ, անգլերեն՝ SSRIs) կամ սերոտոնինի և նորէպինեֆրինի ետզավթման արգելակիչներ (ՍՆՀԱ, անգլերեն՝ SNRI). այս դեղամիջոցները ճնշում են REM քունը: Բժիշկները նշանակում են այս դեղամիջոցները, որոնք օգնում են թեթևացնելու կատապլեքսիայի, ցնորքների (հալյուցինացիաների) և քնի կաթվածի ախտանիշները: Դրանք ներառում են Վենլաֆաքսին (Էֆֆեքսոր XR), Ֆլուոքսետին (Պրոզակ) և Սերտրալին (Զոլոֆտ): Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել քաշի ավելացում, անքնություն և մարսողական խնդիրներ:
- Եռացիկլիկ հակադեպրեսանտներ. այս ավելի հին հակադեպրեսանտները կարող են բուժել կատապլեքսիան: Բայց դրանք կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, ինչպիսիք են բերանի չորությունը և գլխապտույտը: Այս դեղերը ներառում են Պրոտրիպտիլինը, Իմիպրամինը (Տոֆրանիլ) և Կլոմիպրամինը (Անաֆրանիլ):
- Նատրիումի օքսիբատ (Քսիրեմ) և օքսիբատի աղեր (Քսիվավ). այս դեղամիջոցները լավ են ազդում կատապլեքսիայի վերացման գործում: Դրանք օգնում են բարելավելու գիշերային քունը, որը հաճախ վատ է նարկոլեպսիայով մարդկանց մոտ: Դրանք նաև կարող են օգնել վերահսկելու ցերեկային քնկոտությունը: Այն ընդունվում է երկու չափաբաժինով՝ մեկը քնելուց առաջ և մեկը՝ մինչև չորս ժամ հետո: Քսիվովն ավելի քիչ նատրիումով ավելի նոր տեսակ է: Այս դեղամիջոցները կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են սրտխառնոցը, անկողին թրջելը և քնկոտությունը: Դրանք այլ քնաբեր հաբերի, թմրաբեր ցավազրկողների կամ ալկոհոլի հետ միասին ընդունելը կարող է հանգեցնել դժվարաշնչառության, կոմայի և մահվան:
Եթե ունեք այլ առողջական խնդիրներ, օրինակ՝ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ շաքարային դիաբետ, հարցրեք ձեր բժշկին, թե ինչպես կարող են ձեր դեղերը փոխազդել նարկոլեպսիայի դեղերի հետ:
Որոշ սովորական դեղեր կամ պատրաստուկներ, ինչպիսիք են ալերգիայի և մրսածության դեմ օգտագործվողները, կարող են առաջացնել քնկոտություն: Նարկոլեպսիայի դեպքում ձեր բժիշկը հավանաբար կզգուշացնի, որ խուսափեք նման միջոցներ ընդունելուց:
Գիտնականներն ուսումնասիրում են նարկոլեպսիայի նոր դեղեր, այդ թվում՝ հիստամինային քիմիական շղթայի վրա ազդող, հիպոկրետինի փոխարինիչներ, հիպոկերտինի գենային թերապիա և իմունոթերապիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024