Քթի պոլիպները կապված են քթի և հարքթային խոռոչների (ծոցեր կամ սինուսներ) լորձաթաղանթի բորբոքման հետ, որը տևում է ավելի քան 12 շաբաթ:
Սա հայտնի է որպես քրոնիկ սինուսիտ: Սակայն, հնարավոր է ունենալ քրոնիկ սինուսիտ՝ առանց քթի պոլիպի աճի:
Մարդիկ, ովքեր ունեն քթի փոքր պոլիպներ, կարող են չիմանալ այդ մասին: Այնուամենայնիվ, մեկից ավելի կամ մեծ պոլիպ ունենալը կարող է արգելափակել քթային անցուղիները:
Քթի պոլիպներով քրոնիկ սինուսիտի ընդհանուր ախտանիշներից են՝
- հոսող կամ փակված (խցանված) քիթ:
- լորձի հետհոսք կոկորդով, որը նաև հայտնի է որպես հետքթային հոսք
- հոտի զգացողության թուլացում կամ կորուստ (անօսմիա)
- համի զգացողության թուլացում կամ կորուստ
- դիմային ցավ կամ գլխացավ
- ցավ ատամներում
- ճակատի և դեմքի վրա ճնշման զգացողություն
- խռմփոց:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ձեր ախտանիշները տևում են 10 օրից ավելի: Քրոնիկ սինուսիտի և քթի պոլիպների ախտանիշները նման են բազմաթիվ այլ հիվանդությունների, այդ թվում՝ սովորական մրսածության նշաններին:
Անմիջապես դիմեք բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ունեք՝
- ախտանիշներ, որոնք արագորեն վատթարանում են
- տեսողության փոփոխություններ կամ երկտեսություն (դիպլոպիա)
- ճակատի շրջանի այտուցվածություն
- աչքերի շուրջ ցավ կամ այտուց
- ուժեղ գլխացավ, որն անընդհատ սաստկանում է
- պարանոցային մկանների կարկամություն (ռիգիտություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024