Առողջական խնդիրներ

Նեյտրոպենիա

Նեյտրոպենիա

Time Read 2 րոպե

Նեյտրոպենիան մի վիճակ է, երբ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) տեսակներից մեկը համարվող նեյտրոֆիլների քանակը նվազում է։

Այս վիճակը կարող է հանգեցնել ծանր բակտերիալ վարակների նկատմամբ ռիսկի բարձրացման։ Նեյտրոպենիան ախտորոշվում է արյան հետազոտությամբ։ Բուժումը կախված է նեյտրոպենիայի տեսակից և ծանրության աստիճանից։

Ի՞նչ է նեյտրոպենիան

Նեյտրոպենիան հիվանդություն չէ։ Սա վիճակ է, որի ժամանակ արյան նեյտրոֆիլների քանակը նվազած է։

Արյան սպիտակ բջիջները օգնում են վարակների դեմ պայքարին, ուստի նեյտրոպենիայով մարդիկ դառնում են վարակային հիվանդությունների նկատմամբ խոցելի։

Նեյտրոպենիան կարող է լինել՝

  • սուր, երբ ի հայտ է գալիս հանկարծակի (սովորաբար արագորեն էլ անհետանում է)
  • քրոնիկ, երբ շարունակվում է բավականին երկար ժամանակ
  • ցիկլային, երբ պարբերաբար հայտնվում և վերանում է։

Տենդային նեյտրոպենիան սովորաբար հանդես է գալիս որպես քաղցկեղի բուժման բարդություն և դրսևորվում է մարմնի ջերմության 38°C և ավելի բարձրացմամբ և վարակներին բնորոշ նշաններով, օրինակ՝ դող և սարսուռ, ինքնազգացողության վատացում։ Տենդային նեյտրոպենիան համարվում է կյանքին սպառնացող վիճակ և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն։

Ի՞նչն է նեյտրոպենիայի պատճառը

Նեյտրոպենիան ունի բազմաթիվ պատճառներ։

Որոշ մարդիկ նեյտրոպենիա ունեն ծնված օրվանից․ սա հայտնի է որպես «բնածին նեյտրոպենիա»։

Նեյտրոպենիա կարող է գրանցվել վիրուսային վարակից հետո, որոշ դեղեր ընդունելիս կամ այն դեպքում, երբ ունեք իմունային համակարգի հետ կապված խնդիրներ։

Նեյտրոպենիայի հաճախ հանդիպող պատճառներից մեկը քաղցկեղի դեմ բուժումն է, օրինակ՝ քիմիոթերապիան։ Քիմիոթերապիան քաղցկեղային բջիջների վրա ազդելիս ախտահարում և ոչնչացնում է նաև արյան սպիտակ բջիջները։ Նման դեպքերում մարդիկ դառնում են վարակային հիվանդությունների նկատմամբ խոցելի։

Նեյտրոպենիայի ախտանիշները

Եթե դուք ունեք նեյտրոպենիա, կարող եք որևէ գանգատ չնշել։

Որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ տարբեր տեղակայման բակտերիալ վարակներ՝ մաշկ, բերանի շրջան, հարքթային խոռոչներ, ներքին օրգաններ (օրինակ՝ թոքեր)։

Եթե ձեր նեյտրոպենիան ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ապա պետք է անմիջապես կապ հաստատել բժշկի հետ կամ այցելել մոտակա հիվանդանոց։

Նեյտրոպենիայի ախտորոշումը և բուժումը

Նեյտրոպենիան ախտորոշվում է արյան հետազոտությամբ։ Բժիշկը կարող է նշանակել այլ հետազոտություններ ևս, որպեսզի գտնի նեյտրոֆիլների թիվը նվազեցրած հիվանդությունը։

Բուժումը կախված է նեյտրոպենիայի պատճառից և ծանրության աստիճանից։

Նեյտրոպենիայի ժամանակ դուք պետք է առավել պաշտպանվել վարակներից։ Օրինակ, դուք կարող եք՝

  • կանոնավոր կերպով լվանալ ձեր ձեռքերը
  • խուսափել մարդկանց բազմությունից
  • մշտապես կրել կոշիկներ
  • խուսափել մատնահարդումից (ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի)
  • ապահովել բավարար սնունդ և քուն։

Եթե կարծում եք, որ ունեք նեյտրոպենիային ուղեկցող որևէ վարակային հիվանդություն, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ այցելեք մոտակա հիվանդանոց։

Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2019 վերանայվել է՝ 25-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով