Գրադարան
Ոչ ալերգիկ ռինիտ․ ինքնօգնություն

2 րոպե
Ոչ ալերգիկ կամ վազոմոտոր ռինիտի ախտանիշները թեթևացնելու համար օգտագործեք հետևյալ խորհուրդները:
- Ողողեք ձեր քթի խոռոչը․ ֆիզիոլոգիական լուծույթով կամ տանը պատրաստած թույլ աղաջորվ քթի խոռոչի ողողումը կարող է օգնել: Այն լավագույնս օգնում է, երբ կրկնում եք ամեն օր: Վարակներից խուսափելու համար օգտագործեք թորած, ստերիլ, եռացրած և սառեցված կամ զտված ջուր:
- Մեղմորեն փչեք և մաքրեք ձեր քիթը. սա հաճախակի կրկնեք, եթե առատ լորձային արտադրություն ունեք:
- Խոնավացրեք շրջակա օդը․ եթե ձեր տան կամ գրասենյակի օդը չոր է, տեղադրեք խոնավացուցիչ սարք այնտեղ, որտեղ աշխատում կամ քնում եք: Պարբերաբար մաքրեք սարքն այնպես, ինչպես նշված է հրահանգներում: Կամ դուք կարող եք շնչել տաք ցնցուղի գոլորշին: Սա օգնում է քթի լորձի թուլացմանը: Այն նաև օգնում է դեպի գլուխ տարածվող քթի փակվածության տհաճ զգացողության մեղմացմանը:
Խմեք հեղուկներ. խմեք շատ ջուր, հյութեր և կոֆեին չպարունակող թեյեր: Սա կարող է օգնել քթի լորձի ջրիկացմանը: Խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից:
Այլընտրանքային բժշկություն
Ոչ ալերգիկ ռինիտի վերաբերյալ որոշ փոքր հետազոտություններ ուսումնասիրել են կապսաիցինը՝ այն նյութը, որը կծու պղպեղին տալիս է այդ կծվությունը: Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կապսաիցինի ներքթային օգտագործումը կարող է թեթևացնել քթի փակվածությունը: Այնուամենայնիվ, դա նաև կարող է գրգռել քթի լորձաթաղանթը և առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են այրոցի զգացողությունը, փռշտալը և հազը: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու, թե որքան կապսաիցին օգտագործել և որքան ժամանակ:
Որոշ ուսումնասիրություններ նաև դիտարկել են այլընտրանքային բուժման մի տեսակ, որի դեպքում մաշկի մեջ հատուկ կետերում տեղադրվում են բարակ, ստերիլ ասեղներ: Սա կոչվում է ասեղնաբուժություն: Այն օգտագործվում է ցավը և այլ խնդիրները մեղմելու համար: Սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս չօգտագործել ասեղնաբուժություն ոչ ալերգիկ ռինիտի դեպքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-11-2023 վերանայվել է՝ 07-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: