Ոչ ալերգիկ ռինիտի բուժումը կախված է նրանից, թե որքանով է այն ձեզ անհանգստացնում:
Թեթև դեպքերի համար կարող են բավարար լինել տնային բուժումը և ախտանիշների դրսևորմանը նպաստող գործոններից (տրիգերներից) խուսափելը: Դեղորայքը կարող է թեթևացնել չափավոր անհանգստացնող և ավելի ծանր ախտանիշները: Դրանք ներառում են հետևյալը:
- Աղային քթային սփրեյներ. աղի լուծույթը աղի և ջրի խառնուրդ է: Քթի աղային սփրեյն օգնում է քթի խոռոչի խոնավացմանը: Այն նաև օգնում է լորձին ջրիկացմանը և հանգստացնում է գրգռված քթի լորձաթաղանթը: Քթի աղային սփրեյները կարելի է գնել դեղատներից, և դրանք դեղատոմս չեն պահանջում: Սակայն տնային միջոցը, որը հայտնի է որպես քթի ոռոգում, կարող է ավելի լավ ազդել: Այն ներառում է մեծ քանակությամբ աղի կամ աղի ջրի խառնուրդի օգտագործում, որն օգնում է քթի խոռոչից գրգռիչների և լորձի հեռացմանը: Հարցրեք ձեր բժշկին աղային լուծույթի պատրաստման մասին:
- Հակահիստամինային քթային սփրեյներ. հակահիստամինները բուժում են բազմաթիվ առողջական խնդիրներ, ներառյալ ալերգիաները: Հակահիստամինային քթային սփրեյը նաև կարող է թեթևացնել ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշները: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ Ազելաստին (Աստեպրո, Աստեպրո Ալերգիա) կամ Օլոպատադին հիդրոքլորիդ (Պատանազ): Բերանով ընդունվող (օրալ) հակահիստամինները ոչ ալերգիկ ռինիտի դեպքում հաճախ այնքան լավ չեն ազդում, որքան ալերգիկ ռինիտի դեպքում: Այս հակահիստամիններից են Դիֆենհիդրամինը (Բենադրիլ), Ցետիրիզինը (Զիրտեկ Ալերգիա), Ֆեքսոֆենադինը (Ալլեգրա Ալերգիա) և Լորատադինը (Ալավերտ, Կլարիտին):
- Իպրատրոպիումի քթային սփրեյ․ այս սփրեյը կարող է թեթևացնել քթահոսությունը: Կողմնակի ազդեցություններից են քթային արյունահոսությունը և քթի խոռոչի չորությունը։
- Դեկոնգեստանտներ. այս դեղամիջոցներն օգնում են քթի արյունատար անոթների նեղացմանը և քթի փակվածության մեղմացմանը: Կողմնակի ազդեցություններից են բարձր արյան ճնշումը, սրտխփոցը և անհանգստության զգացումը: Դեկոնգեստանտների հանրահայտ օրինակներից են Պսևդոէֆեդրին (Սուդաֆեդ 24 ժամ) և Ֆենիլեֆրին պարունակող դեղամիջոցները: Դեկոնգեստանտները խորհուրդ չի տրվում օգտագործել ավելի, քան մի քանի օր:
- Ստերոիդներ. այս դեղամիջոցներն օգնում են քթի լորձաթաղանթի այտուցի կանխարգելմանը և բուժմանը, որը կապված է ոչ ալերգիկ ռինիտի որոշ տեսակների հետ: Կողմնակի ազդեցություններից են քթի խոռոչի չորությունը, քթային արյունահոսությունը և գլխացավերը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել ստերոիդային քթային սփրեյ, եթե դեկոնգեստանտները կամ հակահիստամինները չեն կարգավորում ձեր ախտանիշները: Ստերոիդային սփրեյներից են Ֆլուտիկազոնը (Ֆլունազ Ալերգիա Ռիլիֆ) և Տրիամցինոլոնը (Նազոկորտ Ալերգիա 24 ժամ): Կարող են նշանակվել նաև ավելի ուժեղ ստերոիդային սփրեյներ:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն՝ բուժելու այլ խնդիրները, որոնք կարող են առաջանալ ոչ ալերգիկ ռինիտի հետ միասին: Օրինակ, կարող են հեռացվել քթի մեջ առկա պոլիպ կոչվող գոյացությունները: Վիրահատությունը նաև կարող է շտկել այն խնդիրը, երբ քթային անցուղիները միմյանցից առանձնացնող բարակ պատը կենտրոնից շեղված կամ ծուռ է: Սա կոչվում է շեղված միջնապատ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024