Հղիության կամ մանկաբարձական խոլեստազի ճշգրիտ պատճառը պարզ չէ:
Խոլեստազը, որը թարգմանվում է որպես լեղու կանգ, նվազեցնում կամ դադարեցնում է լեղու հոսքը: Լեղին լյարդում արտադրվող մարսողական հեղուկ է, որն օգնում է սննդով ստացված ճարպերի տրոհմանը (քայքայմանը): Խոլեստազի դեպքում լյարդից բարակ աղիներ արտահոսելու փոխարեն լեղին մնում և կուտակվում է լյարդում, որտեղ վնասում է բջիջները (հեպատոցիտներ) և ի վերջո մուտք գործում արյան հուն: Ըստ երևույթին, արյան մեջ լեղաթթուների բարձր մակարդակն էլ առաջացնում է հղիության խոլեստազին բնորոշ քորը, այլ ախտանիշներն ու բարդությունները:
Հղիության հորմոնները, գենետիկան և շրջակա միջավայրը կարող են դեր խաղալ:
- Հորմոններ. հղիության հորմոնների մակարդակն աճում է, որքան մոտենում եք ծննդաբերության ժամկետին: Սա կարող է դանդաղեցնել լեղու հոսքը:
- Գեներ (ժառանգականություն). երբեմն, այս վիճակը հանդիպում է որոշ ընտանիքներում: Հայտնաբերվել են որոշակի գենային փոփոխություններ (մուտացիաներ), որոնք կարող են կապված լինել հղիության խոլեստազի հետ:
- Շրջակա միջավայր. թեև ճշգրիտ միջավայրային գործոնները պարզ չեն, հղիության խոլեստազի ռիսկը փոփոխվում է ըստ աշխարհագրական դիրքի և սեզոնի: Օրինակ, այն ավելի տարածված է հնդկական և պակիստանյան արմատներով հղի կանանց շրջանում:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել հղիության խոլեստազի զարգացման ռիսկը: Դրանցից են՝
- հղիության խոլեստազի անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ)
- լյարդի վնասման կամ հիվանդության պատմություն, ինչպիսիք են հեպատիտ C-ն և լեղապարկի քարերը
- բազմապտուղ հղիություն
- հղիություն ավելի մեծ՝ 35 տարեկան և ավելի բարձր տարիքում:
Եթե ունեք նախորդ հղիության ժամանակ խոլեստազի պատմություն, ապա մեկ այլ հղիության ընթացքում նույն խանգարումը զարգանալու ձեր ռիսկը մեծ է: Կանանց 60%-ից 70%-ի մոտ այն կրկնվում է: Սա կոչվում է կրկնություն: Ծանր դեպքերում կրկնության ռիսկը կարող է հասնել մինչև 90%:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024