Հղիության կամ մանկաբարձական խոլեստազի բուժման նպատակներն են՝ թեթևացնել քորը և կանխել ձեր ապագա երեխայի մոտ հնարավոր բարդությունները:
Քորի մեղմացում
Ուժեղ և տանջալի քորը հանգստացնելու համար ձեր հղիության վերահսկմամբ զբաղվող բժիշկը (բժիշկ-մանկաբարձ) կարող է խորհուրդ տալ հետևյալ միջոցները:
- Ուրսոդիոլ (Ակտիգալ, Ուրսո, Ուրսո Ֆորտե)․ այս դեղամիջոցն օգնում է ձեր արյան մեջ լեղաթթուների մակարդակի նվազեցմանը։ Ձեր բժիշկը նախ կարող է խորհուրդ տալ քորը թեթևացնող այլ դեղամիջոցներ կամ տեղային միջոցներ:
- Ջրային բաղիքներ․ որոշ հղի կանանց կարող է օգնել քոր առաջացնող հատվածների սուզելը սառը կամ գոլ ջրի մեջ:
Խիստ ցանկալի է խոսել ձեր բժշկի հետ նախքան քորի դեմ որևէ դեղամիջոց ընդունելը, քանի որ դրանց որոշ տեսակներ կարող են վատ ազդել ձեր հղիության ընթացքի կամ չծնված երեխայի համար:
Ձեր երեխայի առողջական վիճակի մշտադիտարկում
Հղիության խոլեստազը կարող է բարդություններ առաջացնել ձեր չծնված երեխայի համար, ուստի բժիշկը կարող է առաջարկել ձեր պտղի մանրակրկիտ մշտադիտարկում (մոնիտորինգ):
Մշտադիտարկումը կարող է ներառել հետևյալը:
- Ոչ սթրեսային թեստավորում. ոչ սթրեսային թեստի ժամանակ բժիշկը կստուգի ձեր չծնված երեխայի սրտի զարկերը և այն, թե որքանով է պտղի սրտազարկը հաճախանում ակտիվության ընթացքում:
- Պտղի կենսաֆիզիկական պրոֆիլ (ՊԿՊ, անգլերեն՝ BPP). այս հետազոտությունների շարքը օգնում է վերահսկել ձեր չծնված երեխայի առողջական վիճակը: Այն տեղեկատվություն է տրամադրում ձեր պտղի սրտի հաճախության, շարժումների, մկանային տոնուսի, շնչառական շարժումների և ամնիոտիկ հեղուկի քանակի մասին:
Թեև այս հետազոտությունների արդյունքները կարող են հուսալի լինել, դրանք չեն կարող կանխատեսել վաղաժամ ծննդաբերության կամ հղիության խոլեստազի հետ կապված այլ բարդությունների վտանգը:
Վաղաժամկետ ծննդաբերություն
Նույնիսկ եթե նախածննդյան հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ ծննդաբերեք նախքան հաշվարկված ժամկետը: Մոտ 37 շաբաթականում խթանված ծննդաբերությունը կարող է նվազեցնել մեռելածնության՝ պտղի ներարգանդային մահվան ռիսկը: Հեշտոցային ծննդաբերությունը խորհուրդ է տրվում ծննդաբերության խթանման (ինդուկցիայի) միջոցով, եթե կեսարյան հատման հստակ (բացարձակ) ցուցումներ չկան:
Հետագա ծննդաբերությունների վերահսկում
Նախկինում հղիության խոլեստազ ունենալու պատմությունը կարող է մեծացնել էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչներ ընդունելիս ախտանիշների կրկնման ռիսկը, ուստի, սովորաբար խորհուրդ են տրվում հակաբեղմնավորիչների այլ մեթոդներ: Դրանցից են Պրոգեստին պարունակող հակաբեղմնավորիչները, ներարգանդային միջոցները կամ պատնեշային (բարիերային) մեթոդները, ինչպիսիք են պահպանակները կամ ներհեշտոցային դիֆրագմաները:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024