Գրադարան
Մանկաբարձական խոլեստազ (հղիության ներլյարդային խոլեստազ)

3 րոպե
Հղիների շրջանում քորը բավականին տարածված և հաճախ նորմալ երևույթ է, քանի դեռ այն չի դարձել ուժեղ, տանջալի և մշտական:
Նման դեպքերում դուք պետք է այցելեք ձեր բժշկին, քանի որ հղիության ընթացքում ձեզ անհանգստացնող քորը մեծ հավանականությամբ կապված է ախտաբանական վիճակի հետ:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում թույլ քորի մասին:
Ի՞նչ է մանկաբարձական խոլեստազը
Մանկաբարձական խոլեստազը հազվադեպ (100 հղիից պակաս, քան մեկի մոտ), սակայն լուրջ լյարդային խանգարում է, որը սովորաբար զարգանում է հղիության վերջին 3 ամիսների ընթացքում և ուղեկցվում մաշկի ուժեղ ու տանջալի քորով:
Հիվանդությունը հայտնի է նաև որպես հղիության ներլյարդային խոլեստազ, հղիության խոլեստազ, հղիության իդիոպաթիկ դեղնուկ կամ պարզապես հղիների քոր:
Մանկաբարձական խոլեստազի պատճառները
Մանկաբարձական խոլեստազի պատճառը հայտնի չէ: Հնարավոր է, որ այն կապված է հղիության հորմոնների հետ, երբ հղիության ուշ փուլերում դրանք դանդաղեցնում են լյարդից լեղու նորմալ արտահոսքը:
Լեղին մարսողական հեղուկ է, որն արտադրվում է լյարդում, լեղուղիներով արտահոսում տասներկումատնա աղի և օգնում ճարպանյութերի քայքայման և ներծծման գործընթացներին: Մանկաբարձական խոլեստազի ժամանակ լյարդում արտադրված լեղին մնում և կուտակվում է լյարդում, այլ ոչ թե լեղուղիներով արտահոսում դեպի բարակ աղու սկզբնամաս: Լյարդում կուտակված լեղին ի վերջո վնասում է բջիջները (հեպատոցիտներ) և մուտք գործում արյան հուն՝ առաջացնելով քոր և այլ ախտանիշներ:
Մանկաբարձական խոլեստազը հնարավոր է, որ ունի ժառանգական նախատրամադրվածություն, թեև կարող է ի հայտ գալ նաև ընտանեկան որևէ պատմություն չունեցող հղիների մոտ: Այն ավելի տարածված է հնդկական և պակիստանյան արմատներով հղի կանանց շրջանում:
Եթե նախորդ հղիությունների ժամանակ ձեզ մոտ զարգացել է մանկաբարձական խոլեստազ, ապա ընթացիկ և հաջորդ հղիությունների դեպքում նույն վիճակի զարգացման հավանականությունը մեծանում է:
Մանկաբարձական խոլեստազի ախտանիշները
Մանկաբարձական խոլեստազի դասական ախտանիշը առանց որևէ ցանավորման սաստիկ քորն է, սովորաբար՝ ձեռքերի ափերի և ոտքերի ներբանների շրջանում, թեև կարող է տարածվել նաև մարմնի այլ շրջաններ՝ վերջույթների տարածիչ մակերեսներ, իրան, հետույք և որովայն:
Քորը լինում է չափավորից մինչև շատ ուժեղ և անտանելի, ինչպես նաև սաստկանում է գիշերային ժամերին՝ հանգեցնելով քրոնիկ անքնության և հոգեկան տառապանքների: Սկզբում հայտնվելով հանկարծակի, քորը կարող է աստիճանաբար դառնալ մշտական և տարածուն՝ շարունակվելով հղիության ամբողջ ընթացքում։
Այլ նշաններից են՝
- մեզի մգացում
- դեղնուկ (մաշկի և աչքերի դեղնություն)
- կղանքի գունազրկում:
Մաշկի քորը սովորաբար անհետանում է ծննդաբերությունից հետո մի քանի օրվա ընթացքում:
Մանկաբարձական խոլեստազի բարդությունները
Մանկաբարձական խոլեստազով հղի կանանց մոտ բարձրանում է վաղաժամ ծննդաբերության, մեռելածնության կամ նորածնի մոտ մեկոնիումով թոքերի ախտահարման ռիսկը: Վերջին երկու բարդությունների պատճառով բժիշկը մինչև ձեր նորմալ ծննդաբերությունը կարող է առաջարկել ծննդաբերության ինդուկցիա:
Մանկաբարձական խոլեստազի ախտորոշումը և բուժումը
Մանկաբարձական խոլեստազը սովորաբար ախտորոշվում է լյարդի գործունեությունը գնահատող թեստերի միջոցով (բիլիռուբիններ, լյարդային ֆերմենտներ և այլն): Ախտորոշվելուց հետո մինչև ծննդաբերելը դուք պետք է գտնվեք կանոնավոր բժշկական հսկողության ներքո:
Բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ կալամինային լոսյոն, որն անվտանգ է հղիության ընթացքում և կարող է որոշակիորեն մեղմացնել քորը: Նա կարող է նաև ձեզ հետ քննարկել Ուռսոդեօքսիխոլաթթվի նշանակման հարցը: Շատ կարևոր է, որ դուք ինքնուրույն չսկսեք օգտագործել հակահիստամինային, քնաբեր, հորմոնային և այլ դեղեր, որոնք արդյունավետ չեն և կարող են վնաս հասցնել ձեր երեխային:
Հիվանդությունը կարող է բացասաբար ազդել աղիներում վիտամին K-ի ներծծման վրա, որը կարևոր է արյան նորմալ մակարդելության համար: Ուստի, բժիշկը կարող է ձեզ առաջարկել նաև այս վիտամինի սննդային հավելում:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2020 վերանայվել է՝ 16-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: