Քնի օբստրուկտիվ ապնոէ. պատճառներ
29-04-2021
2 րոպե

Քնի օբստրուկտիվ ապնոէն տեղի է ունենում, երբ ըմպանի հետին մկանները խիստ թուլանում են, որ հնարավոր դառնա նորմալ շնչառությունը:
Այս մկաններն օժանդակում են անատոմիական տարբեր կառուցվածքներ, ներառյալ բերանի խոռոչի առաստաղի ետին մասը (փափուկ քիմք), դրանից կախված եռանկյունաձև հյուսվածքը (լեզվակ), նշագեղձերը և լեզուն:
Քնի ժամանակ դիտվում է հարթ մկանների տոնուսի զգալի անկում և ստեղծվում է շնչառական ուղիների նեղացման համար նպաստավոր պայմաններ։ Երբ այս մկանները թուլանում են, ձեր վերին շնչուղիները ներշնչման փուլում նեղանում կամ փակվում են՝ շնչառությունը մոտ 10 վրկ և ավելի երկար դարձնելով ոչ համարժեք: Սա կարող է նվազեցնել արյան թթվածնի մակարդակը և առաջացնել ածխաթթու գազի կուտակում:
Ձեր գլխուղեղը զգում է շնչառության այսպիսի խանգարումը (ածխաթթու գազը դրդում է գլխուղեղում տեղակայված շնչական կենտրոնը) և կարճատև արթնանում է քնից, որ դուք կարողանաք վերաբացել ձեր շնչուղիները: Ընդ որում, արթնացումը սովորաբար այնքան կարճատև է, որ դուք չեք հիշում այն:
Դուք կարող եք արթնանալ օդի պակասի զգացումից, որն արագորեն ինքնուրույն շտկվում է մեկ կամ երկու խոր շնչելուց հետո, որոնք ուղեկցվում են խռմփոցով, խեղդվելուն նմանվող և նման ձայներով:
Այսպիսի խանգարումները կարող են կրկնվել մեկ ժամում 5-ից մինչև 30 անգամ և շարունակվել ամբողջ գիշերվա ընթացքում: Որպես հետևանք, դուք չեք կարողանում հասնել ձեր քնի խոր՝ հանգստացնող մակարդակին, ուստի հաջորդ առավոտյան արթնանում եք քնից չհագեցած, հոգնած, իսկ ցերեկվա ժամերին սկսում եք տանջվել քնկոտությունից:
Քնի օբստրուկտիվ ապնոէով մարդիկ կարող են տեղյակ չլինել, որ գիշերվա ընթացքում իրենց քունը հաճախակի ընդհատվում է: Նրանց մեծ մասը կարող է սխալմամբ համոզված լինել, որ ողջ գիշերվա ընթացքում նորմալ և անխափան քնել է:
Ռիսկի գործոններ
Ցանկացած մարդու մոտ կարող է զարգանալ քնի օբստրուկտիվ ապնոէ, սակայն որոշ գործոններ կարող են բարձրացնել հիվանդության ռիսկը:
- Ավելցուկային քաշ. քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող մարդկանց մեծ մասը (սակայն՝ ոչ բոլորը) ունի ավելցուկային քաշ: Պարանոցի մեծ շրջագիծը (40-45 սմ) կամ վերին շնչուղիները շրջապատող հյուսվածքներում ճարպի կուտակումները կարող են խոչընդոտել շնչառությանը: Գիրության հետ կապված առողջական խնդիրները, օրինակ՝ վահանաձև գեղձի թերակտիվությունը (հիպոթիրեոզ) և պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը իրենց հերթին կարող են առաջացնել քնի օբստրուկտիվ ապնոէ։ Սակայն, քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող ոչ բոլոր մարդիկ ունեն նաև ավելցուկային քաշ և ընդհակառակը: Հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև նիհար մարդկանց մոտ:
- Նեղացած շնչուղիներ. դուք կարող եք ծնողներից ժառանգել բնականում նեղացած շնչուղիներ: Այլ դեպքերում ձեր նշագեղձերը կամ ադենոիդները կարող են մեծանալ՝ խցանելով վերին շնչուղիները:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). քնի օբստրուկտիվ ապնոէն հարաբերականորեն տարածված է հիպերտենզիայով մարդկանց շրջանում:
- Քրոնիկ քթային փակվածություն. քնի օբստրուկտիվ ապնոէն կրկնակի անգամ ավելի հաճախ է հանդիպում այն մարդկանց շրջանում, ովքեր, պատճառից անկախ, ունեն գիշերային ժամերի կայուն քթային փակվածություն («լցված քիթ»): Սա կարող է լինել նեղացած շնչուղիների հետևանք:
- Ծխախոտ. ծխող մարդկանց մոտ ավելի հավանական է, որ կզարգանա քնի օբստրուկտիվ ապնոէ։
- Դիաբետ. քնի օբստրուկտիվ ապնոէն կարող է ավելի տարածված լինել դիաբետով մարդկանց շրջանում:
- Սեռ. ընդհանուր առմամբ տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում քնի օբստրուկտիվ ապնոէով, քան նախադաշտանային տարիքի կանայք: Դաշտանադադարից հետո կանանց շրջանում հիվանդության հաճախականությունն աճում է:
- Ընտանեկան պատմությունում քնի ապնոէի առկայություն. եթե ձեր ընտանիքի անդամներից մեկնումեկի կամ մի քանիսի մոտ կա քնի օբստրուկտիվ ապնոէ, ձեզ մոտ նույն հիվանդության ռիսկը կարող է բարձրանալ:
- Ասթմա. հետազոտողները ասթմայի և քնի օբստրուկտիվ ապնոէի ռիսկի միջև գտել են փոխկապվածություն:
Հոդվածը վերանայվել է՝ 30-04-2021