Քնի օբստրուկտիվ ապնոէն համարվում է լուրջ առողջական խնդիր, որը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Ցերեկային հոգնածություն և քնկոտություն. գիշերային վերականգնող քնի բացակայության պատճառով քնի օբստրուկտիվ ապնոէով մարդիկ հաճախ ունենում են ուժեղ ցերեկային քնկոտություն, հոգնածություն և դյուրագրգռություն: Նրանք կարող են դժվարությամբ կենտրոնացնել ուշադրությունը և ննջել կամ քնել աշխատավայրում, հեռուստացույց դիտելիս կամ նույնիսկ ավտոմեքենա վարելիս: Նման իրավիճակում բարձրանում է աշխատանքի հետ կապված դժբախտ պատահարների կամ ավտովթարների ռիսկը: Քնի օբստրուկտիվ ապնոէով երեխաները և երիտասարդները կարող են վատ սովորել դպրոցում և հաճախ ունեն ուշադրության կամ վարքաբանական խնդիրներ:
- Սրտանոթային խնդիրներ. քնի օբստրուկտիվ ապնոէի ժամանակ տեղ գտնող արյան մեջ թթվածնի մակարդակի հանկարծակի անկումները բարձրացնում են արյան ճնշումը և ծանրաբեռնում սրտանոթային համակարգը: Քնի օբստրուկտիվ ապնոէով բազմաթիվ մարդկանց մոտ զարգանում է բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), որը կարող է մեծացնել սրտային հիվանդության ռիսկը: Որքան ծանր է քնի օբստրուկտիվ ապնոէն, այդքան մեծ է սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության և ինսուլտի ռիսկը: Քնի օբստրուկտիվ ապնոէն նաև բարձրացնում է սրտի ռիթմի խանգարումների ռիսկը (առիթմիա), որը կարող է իջեցնել արյան ճնշումը: Եթե կա սրտային հիվանդություն, դրանց բազմակի կրկնվող դրվագները կարող են հանգեցնել հանկարծամահության:
- Դեղամիջոցների և վիրահատության հետ կապված բարդություններ. քնի օբստրուկտիվ ապնոէն նաև մտահոգիչ է որոշ դեղամիջոցների և ընդհանուր անզգայացման դեպքում: Այս դեղամիջոցները, ինչպիսիք են քնաբերները, թմրաբեր ցավազրկողները և ընդհանուր անզգայացնող միջոցները, թուլացնում են ձեր վերին շնչուղիները և կարող են վատթարացնել ձեր քնի օբստրուկտիվ ապնոէն: Եթե ունեք քնի օբստրուկտիվ ապնոէ, մեծ վիրահատությունը, հատկապես քնաբերներ ստանալուց և մեջքի վրա պառկելուց հետո, կարող է խորացնել շնչառական խնդիրները: Քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող մարդիկ կարող են հետվիրահատական բարդությունների նկատմամբ ավելի ռիսկային լինել: Նախքան վիրահատությունը, տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք քնի օբստրուկտիվ ապնոէ կամ այս հիվանդության հետ կապված ախտանիշներ: Ձեր բժիշկը կարող է ցանկանալ, որ նախքան վիրահատությունը անցնեք քնի օբստրուկտիվ ապնոէի հետազոտություն:
- Աչքերի խնդիրներ. որոշ հետազոտություններ կապ են գտել քնի օբստրուկտիվ ապնոէի և աչքի որոշ հիվանդությունների միջև, ինչպիսին է գլաուկոման: Աչքի բարդությունները սովորաբար բուժելի են:
- Քնից զրկված զուգընկերներ. բարձրաձայն խռմփոցը կարող է խանգարել ձեր շրջապատի բավարար հանգիստը և քունը, և ի վերջո խաթարել ձեր փոխհարաբերությունները: Որոշ զուգընկերներ ստիպված են քնել մեկ այլ սենյակում:
Օբստրուկտիվ քնի ապնոէ ունեցող մարդիկ նաև կարող են բողոքել հիշողության հետ կապված խնդիրներից, առավոտյան գլխացավերից, տրամադրության փոփոխություններից կամ դեպրեսիայից, ինչպես նաև գիշերը հաճախակի միզելու անհրաժեշտությունից:
Օբստրուկտիվ քնի ապնոէն կարող է COVID-19-ի ռիսկի գործոն լինել։ Պարզվել է, որ օբստրուկտիվ քնի ապնոէ ունեցող մարդիկ ենթարկվում են COVID-19-ի ծանր ձևի զարգացման և հիվանդանոցային բուժման կարիք ունենալու նկատմամբ ավելի բարձր ռիսկի, քան նրանք, ովքեր չունեն քնի ապնոէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024