Քնի օբստրուկտիվ ապնոէ. ախտանիշներ
29-04-2021
1 րոպե

Քնի օբստրուկտիվ ապնոէի առաջին ազդանշանը տալիս են հիվանդի հարազատները, որոնք տագնապահար հետևում են, թէ ինչպես է ձեր խռմփոցը հանկարծակի ընդհատվում և առաջանում շնչառության կանգ։
Քնի օբստրուկտիվ ապնոէի ախտանշանները կարող են ներառել՝
- բարձր, ժամանակ առ ժամանակ ընդհատվող խռմփոց
- քնած ժամանակ շնչառության կարճատև դադարներ, որոնք կարող են նկատել հարևանությամբ գտնվող մարդիկ
- քնից շնչահեղձության կամ խեղդվելու զգացումով հանկարծակի արթնացում
- քնած ժամանակ անկողնում անհանգիստ շարժումներ
- քնից արթնանալուց հետո հանգստացած չլինելու և հոգնածության զգացում, ինչպես նաև՝ բերանի չորություն կամ ըմպանացավ
- ցերեկային քնկոտություն
- ցերեկվա ընթացքում ուշադրության կենտրոնացման թուլացում
- տրամադրության փոփոխություններ, օրինակ՝ ընկճվածություն կամ գրգռվածություն
- բարձր արյան ճնշում
- գիշերային քրտնոտություն
- սեռական ցանկության (լիբիդոյի) կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Խորհրդակցեք բժիշկ-մասնագետի հետ, եթե զգում եք կամ ձեր զուգընկերը նկատում է հետևյալը՝
- այնպիսի բարձր խռմփոց, որը խանգարում է ձեր կամ մյուսների քունը
- շնչահեղձության զգացումով կտրուկ արթնացում
- քնած ժամանակ շնչառության կրկնվող դադարներ
- արտահայտված ցերեկային քնկոտություն, որի պատճառով անընդհատ ննջում եք (ոչ միայն հեռուստացույց դիտելիս, այլև՝ ղեկին):
Բազմաթիվ մարդիկ կարող են չկասկածել, որ խռմփոցն ինչ-որ լուրջ վիճակի նշան է: Մյուս կողմից, ոչ բոլորը, ովքեր խռմփացնում են, ունեն քնի օբստրուկտիվ ապնոէ: Քնի օբստրուկտիվ ապնոէի ժամանակ խռմփոցը սովորաբար ամենաբարձր աստիճանի է հասում մեջքի վրա քնած ժամանակ և մեղմանում է, երբ շուռ եք գալիս մի կողմի վրա:
Հոդվածը վերանայվել է՝ 29-04-2021