Քնի օբստրուկտիվ ապնոէ. բուժում
30-04-2021
3 րոպե

Քնի օբստրուկտիվ ապնոէի բուժման տարբերակները տարբերվում են՝ կախված ծանրության աստիճանից և պատճառից:
Ապրելակերպի փոփոխություններ
Քնի օբստրուկտիվ ապնոէի թեթև դեպքերի ժամանակ բժիշկը կարող է առաջարկել ապրելակերպի փոփոխություններ, այդ թվում՝
- քաշի նվազեցում, եթե գեր եք
- կանոնավոր վարժանքներ
- ալկոհոլի օգտագործման սահմանափակում (կամ ընդհանրապես հրաժարում), և անկողին մտնելուց առաջ ալկոհոլի բացառում
- ծխախոտի օգտագործման դադարեցում, եթե ծխող եք
- քթի փակվածության կամ ալերգիայի դեղամիջոցների օգտագործում (միայն բժշկի նշանակմամբ)
- մեջքին պառկած վիճակում քնելուց խուսափում (հարցրեք բժշկին)
- հանգստացնող (սեդատիվ), քնաբերներ, տագնապամարիչ դեղամիջոցներից խուսափում:
Եթե այս միջոցները չեն բարելավում ձեր քունը կամ եթե ձեր ապնոէն չափավորից մինչև ծանր աստիճանի է, բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման այլ մեթոդներ:
Կան հատուկ սարքեր, որոնք կարող են օգնել շնչուղիների անցանելի մնալուն: Այլ դեպքերում գուցե կարիք լինի դիմել վիրահատական միջամտություններին:
Թերապիաներ
- Շնչուղիներում օդի դրական ճնշմամբ բուժում. շնչուղիներում օդի դրական ճնշում ապահովող սարքը կարող է զգալիորեն օգնել շնչառության բարելավմանը: Ամենատարածված տեսակը կոչվում է շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշման (անգլերեն՝ CPAP) սարք, որը քնի ընթացքում ճնշման տակ տրվող օդի պայմաններում բացում է ձեր շնչուղին։ Դուք կրում եք պլաստիկ դիմակ կամ քթային կանյուլա, որը ճկուն խողովակով միացված է անկողնու մոտ տեղադրվող փոքր CPAP սարքին: Օդը կարող է տրվել շարունակական (կայուն) կամ փոփոխական (ավտոտիտրացվող) ճնշման ներքո: Չնայած նրան, որ CPAP թերապիան արդյունավետ է ապնոէների քանակը նվազեցնելու առումով և ավելի քիչ ծախսատար է քան մյուս բուժման մեթոդները, որոշ մարդկանց համար այն անհարմար է։ Որոշները գանգատվում են ծուղակում գտնվելու զգացողությունից, կրծքավանդակում անհարմարության զգացումից և մաշկի կամ քթի գրգռվածությունից։ Այլ կողմնակի ազդեցություններից են բերանի չորությունը, քթահոսությունը, շուրթերի ու լնդերի ցավոտությունը։
- Բերանային համրարանքներ. թեև շնչուղիներում օդի դրական ճնշումը հաճախ արդյունավետ բուժում է, բերանային հարմարանքները կարող են դառնալ արդյունավետ այլընտրանք թեթևից միջին աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէով հիվանդների համար: Դրանք գիշերային քնի ընթացքում բաց են պահում ըմպանը, օրինակ, ուղղելով ստորին ծնոտը դեպի առաջ և բացելով կծվածքը։ Չնայած նրան, որ CPAP-ն ավելի արդյունավետ է, բերանային հարմարանքները լավացնում են քնի որակը, մեղմացնում ցերեկային քնկոտությունը և ավելի լավ են տարվում հիվանդերի կողմից, քան CPAP-ը։ Այս հարմարանքները կարող են պատրաստվել ատամնաբույժի կողմից։
Վիրահատություն կամ այլ միջամտություններ
Վիրահատության հարցը սովորաբար բարձրանում է միայն այն ժամանակ, երբ բուժման այլ տեսակներն արդյունավետ չեն կամ ձեր կարիքներին ու պահանջներին չեն համապատասխանում:
- Հյուսվածքի վիրահատական հեռացում. ուվոպալատոֆարինգոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում են շնչառությանը խանգարող բերանի խոռոչի ետին մասի և ըմպանի վերին մասի փափուկ հյուսվածքները: Անհրաժեշտության դեպքում կարող են միաժամանակ հեռացվել նաև մեծացած նշագեղձերը կամ ադենոիդները: Վիրահատությունը պահանջում է ընդհանուր անզգայացում և իրականացվում է հիվանդանոցում: Որոշ իրավիճակներում կարող է կիրառվել նաև լազեր կամ ռադիոհաճախականության էներգիա: Այսպիսի միջամտությունները չեն բուժում քնի օբստրուկտիվ ապնոէն, սակայն կարող են մեղմացնել խռմփոցը:
- Վերին շնչուղիների խթանում. սա ենթալեզվային նյարդն ըստ կարիքի խթանող հարաբերականորեն նոր սարք է, որը կարող է օգնել չափավորից մինչև ծանր քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող մարդկանց, ովքեր չեն դիմանում կամ հարմարվում CPAP կամ BPAP սարքերին:
- Այլ վիահատական միջամտություններ. վերին շնչուղիների անատոմիական խնդրից կախված, կարող է առաջարկվել նաև լեզվի հիմքի առաջբերում, մաքզիլլոմանդիբուլյար առաջբերում և այլ միջամտություններ:
Վիրահատության այլ տեսակները կարող են օգնել խռմփոցի և քնի ապնոէի նվազեցմանը՝ խոչընդոտներից ազատելով կամ լայնացնելով վերին շնչուղիները, օրինակ՝
- պոլիպների հեռացման կամ քթի միջնապատի ծռվածությունը ուղղող քթային վիրահատություններ
- մեծացած նշագեղձերի կամ ադենոիդների հեռացման վիրահատություն (տոնզիլէկտոմիա և ադենոիդէկտոմիա):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022