Ձեր հիվանդությունն ախտորոշելիս բժիշկը կգնահատի ձեր վիճակը՝ հիմնված ձեր գանգատների և ախտանիշների վրա, կզննի ձեր վերին շնչուղիները և կառաջարկի որոշ հետազոտություններ:
Արտաքին զննման ընթացքում ձեր բժիշկը կհետազոտի ձեր կոկորդի հետևի մասը, բերանի խոռոչիը և քթի հետևի մասը՝ լրացուցիչ հյուսվածքներ կամ շեղուկներ գտնելու համար: Ձեր բժիշկը կարող է չափել ձեր պարանոցի և իրանի շրջագիծը և ստուգել ձեր արյան ճնշումը:
Քնի մասնագետը կարող է անցկացնել լրացուցիչ գնահատումներ՝ ձեր հիվանդությունն ախտորոշելու, ձեր վիճակի ծանրության աստիճանը որոշելու և ձեր բուժումը պլանավորելու համար: Գնահատումը կարող է ներառել գիշերը քնի կենտրոնում մնալը՝ քնի ընթացքում ձեր շնչառությունը և օրգանիզմի այլ գործառույթների շուրջօրյա վերահսկման համար:
Հետազոտություններ
Քնի օբստրուկտիվ ապնոէ ախտորոշելու համար քնի մասնագետը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները:
- Պոլիսոմնոգրաֆիա. սա քնի գնահատման հետազոտություն է, երբ ձեր քնած ժամանակ լարերով ձեզ միացված հատուկ սարքի օգնությամբ մշտադիտարկվում են ձեր սրտի, թոքերի և ուղեղի ակտիվությունը, շնչառության բնույթը, ձեռքերի և ոտքերի շարժումները և արյան մեջ թթվածնի մակարդակը: Ձեր մշտադիտարկումը կարող է շարունակվել ամբողջ գիշերվա ընթացքում կամ ներառել միայն գիշերվա մի մասը: Հատվածավորված գիշերային քնի ուսումնասիրության ժամանակ ձեզ կհետևեն գիշերվա առաջին կեսին, և եթե ձեր մոտ ախտորոշվում է օբստրուկտիվ քնի ապնոէ, անձնակազմը կարող է արթնացնել ձեզ և գիշերվա երկրորդ կեսի համար ապահովել շնչուղիների շարունակական դրական ճնշում: Քնի այս հետազոտությունը նաև կարող է օգնել գտնելու քնի այլ խանգարումներ, որոնք կարող են առաջացնել ավելորդ ցերեկային քնկոտություն, սակայն պահանջում են տարբեր բուժումներ, ինչպիսիք են քնի ժամանակ ոտքերի շարժումները (անհանգիստ ոտքերի համախտանիշ) կամ օրվա ընթացքում հանկարծակի քնելը (նարկոլեպսիա):
- Քնի ապնոէի տնային հետազոտություն. որոշակի հանգամանքներում ձեր բժիշկը կարող է առաջարկել պոլիսոմնոգրաֆիայի ավելի պարզ, բայց և ավելի քիչ հնարավորություններ ունեցող տնային սարք, որը գնահատում է քնած ժամանակ ձեր օդահոսքի չափը, շնչառության բնույթը և արյան թթվածնի մակարդակը, հնարավոր է նաև՝ ոտքերի շարժումները և խռմփոցի ուժգնությունը:
Ձեր բժիշկը կարող է ձեզ ուղեգրել քիթ-կոկորդ-ականջաբանի (LOR կամ ENT) խորհրդատվության, հատկապես, եթե ունեք վերին շնչուղիների անցանելիության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են քթային անցուղիների նեղացումը կամ խցանումը, օրինակ՝ քթի միջնապատի ծռվածության, սինուսիտի կամ քթի խոռոչի պոլիպների պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024