Առողջական խնդիրներ
Կաթնախտ. պատճառներ

1 րոպե
Նորմայում ձեր իմունային համակարգը աշխատում է դիմակայել օրգանիզմ ներթափանցած վնասակար օրգանիզմներին՝ վիրուսներ, բակտերիաներ և սնկիկներ:
Արդյունքում, առողջ մարդկանց օրգանիզմում բնակվող «լավ» ու «վատ» միկրոբների միջև պահպանվում է որոշակի հավասարակշռություն: Այնուամենայնիվ, այս պաշտպանական մեխանիզմները երբեմն թուլանում են, որի հետևանքով բարձրանում է կանդիդա սնկիկների քանակը և մեծանում բերանի խոռոչի կանդիդոզի կամ կաթնախտի առաջացման հավանականությունը:
Կանդիդա ցեղի սնկիկների ամենատարածված տեսակը կոչվում է Candida albicans: Մի շարք գործոններ, օրինակ՝ թուլացած իմունային համակարգը, կարող են բարձրացնել կաթնախտի ռիսկը:
Ռիսկի գործոններ
Բերանի խոռոչի կանդիդոզի զարգացման հավանականությունը բարձրացնում է, եթե առկա է հետևյալ խնդիրներից մեկնումեկը:
- Թուլացած իմունիտիտ. ավելի հավանական է, որ կաթնախտ առաջանա նորածինների և մեծ տարիքով չափահասների շրջանում, ովքեր ունեն թուլացած իմունիտետ: Որոշ հիվանդություններ կամ բուժումներ կարող են ճնշել ձեր իմունային համակարգը, հետևաբար՝ բարձրացնել կաթնախտի առաջացման ռիսկը (քաղցկեղ և քաղցկեղի բուժումներ, օրգանների փոխպատվաստում և իմունային համակարգն ընկճող դեղեր՝ իմունոսուպրեսորներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն):
- Դիաբետ. եթե ունեք չբուժված կամ լավ չկառավարվող դիաբետ, ձեր թուքը կարող է պարունակել շաքարի մեծ քանակություն, որը նպաստում է բերանի խոռոչում կանդիդա սնկերի աճին:
- Հեշտոցի կանդիդոզ. հեշտոցի կանդիդոզը հարուցվում է նույն կաթնախտի սնկիկով: Ուստի, հեշտոցի կանդիդոզ ունեցող հղի կինը ծննդաբերելիս կարող է վարակը փոխանցել նորածնին:
- Դեղերի ընդունում. այնպիսի դեղերի ընդունումը, ինչպիսիք են Պրեդնիզոնը, ինհալյացիոն կորտիկոստերոիդները կամ հակաբիոտիկները, կարող են խախտել օրգանիզմում միկրոօրգանիզմների բնական հավասարակշռությունը և բարձրացնել կաթնախտի առաջացման ռիսկը:
- Բերանի խոռոչի այլ հիվանդություններ. ատամների պրոթեզների կրումը (հատկապես՝ վերին) կամ բերանի չորությամբ ուղեկցվող հիվանդությունները կարող են բարձրացնել կաթնախտի զարգացման ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-04-2021 վերանայվել է՝ 01-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: