Օստեոարթրիտն առաջանում է, երբ աճառը, որը ծածկում է հոդերում ոսկորների ծայրերը, աստիճանաբար հյուծվում է:
Աճառն ամուր, սայթաքուն հյուսվածք է, որը հնարավորություն է տալիս, որ հոդերը շարժվեն գրեթե առանց շփման:
Ի վերջո, եթե աճառը ամբողջությամբ քայքայվում և մաշվում է, ոսկորը քսվում է ոսկորին:
Օստեոարթրիտը հաճախ անվանում են մաշվածության հիվանդություն: Սակայն, աճառի քայքայումից բացի, օստեոարթրիտն ազդում է ամբողջ հոդի վրա: Այն առաջացնում է ոսկորների փոփոխություններ և շարակցական հյուսվածքների քայքայում, որոնք պահում են հոդը որպես ամբողջություն և մկանները կապում եմ ոսկորին: Այն նաև առաջացնում է հոդերի լորձաթաղանթի բորբոքում:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել օստեոարթրիտի ռիսկը, ներառում են հետևյալը:
- Ավելի մեծ տարիք. օստեոարթրիտի ռիսկը մեծանում է տարիքի հետ, քանի որ մեծ տարիքում հոդերը դառնում են ավելի թույլ և ավելի դժվար ինքնավերականգնվող։
- Սեռ. կանայք ավելի հավանական է, որ ունենան օստեոարթրիտ, թեև պարզ չէ, թե ինչու:
- Գիրություն. մարմնի ավելորդ քաշ կրելը մի քանի առումներով նպաստում է օստեոարթրիտի առաջացմանը, և որքան շատ եք կշռում, այնքան մեծ է ձեր ռիսկը: Աճող քաշը ավելացնում է լարվածությունը ծանրություն կրող հոդերի վրա, ինչպիսիք են կոնքազդրայինները և ծնկները: Բացի այդ, ճարպային հյուսվածքն արտադրում է սպիտակուցներ, որոնք կարող են վնասակար բորբոքումներ առաջացնել ձեր հոդերի մեջ և շրջակայքում:
- Հոդերի վնասվածքներ. վնասվածքները, ինչպիսիք են սպորտով զբաղվելիս կամ դժբախտ պատահարներից առաջացածները, կարող են մեծացնել օստեոարթրիտի ռիսկը: Նույնիսկ վնասվածքները, որոնք տեղի են ունեցել շատ տարիներ առաջ և կարծես թե բուժվել են, կարող են մեծացնել օստեոարթրիտի ռիսկը:
- Հոդերի կրկնվող լարվածություն. եթե ձեր աշխատանքը կամ մարզաձևը, որով զբաղվում եք, հոդի վրա առաջացնում կրկնվող լարվածություն, այդ հոդում կարող է ի վերջո զարգանալ օստեոարթրիտ:
- Գենետիկա. որոշ մարդիկ ժառանգում են օստեոարթրիտի զարգացման միտում:
- Ոսկրային ձևափոխումներ (դեֆորմացիաներ). որոշ մարդիկ ծնվում են ձևափոխված հոդերով կամ դեֆեկտիվ աճառով:
- Որոշ նյութափոխանակության հիվանդություններ. դրանք ներառում են շաքարային դիաբետ և մի վիճակ, որի դեպքում ձեր օրգանիզմում շատ երկաթ կա (հեմոքրոմատոզ):
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024