Օստեոարթրիտ. ինքնօգնություն
30-04-2018
2 րոպե

Օստեոարթրիտները հնարավոր չէ լիարժեք կանխարգելել, սակայն կան մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ առօրյան «հարմարեցնելու» ձեր հիվանդությանը։
Օստեոարթրիտի առկայությունը բնավ չի նշանակում, որ դուք պետք է պասիվանաք և կենտրոնանաք ձեր հիվանդության վրա։ Ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանը զգալի կերպով կօգնեն ճիշտ սննդակարգը և ֆիզիկապես ակտիվ առօրյան, որոնք կօգնեն նաև, որ ձեր մկանները չկորցնեն իրենց ուժը։
Շատ կարևոր է նաև, որ դուք ընդունեք դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը՝ խստորեն հետևելով դեղաչափերին և ընդունման կարգին։ Դրանք ոչ միայն ապահովում են բավարար ցավազրկում, այլև մեղմացնում են հոդերի և դրանց հարակից հյուսվածքների բորբոքային ախտահարումը։
Կանխարգելիչ միջոցառումներ
Ընդհանուր առմամբ արթրիտները և այդ թվում օստեոարթրիտը կարող են ձեզ դարձնել ավելի քիչ ճկուն և քիչ շարժունակ, ինչը կարող է բարձրանցել պատահարների հավանականությունը (վայր ընկնել և այլն):
Ահա որոշ հնարքներ, որոնք կարող են կրճատել այսպիսի ռիսկերը։
- Վերացրեք ձեր տան «վտանգները». պահեք ձեր սենյակները բավարար լուսավորված և վերացրեք ձեր շարժմանը պատահաբար խոչընդոտող առարկաները կամ իրերը՝ էլ. հոսանքի կամ այլ լարեր, հատակին առկա ոչ անհրաժեշտ իրեր և այլն։ Համոզվեք, որ հատակի գորգերը կամ կարպետները չունեն ծալքեր։ Բաղնիքի հատակին փռեք ռետինե չսահող գորգիկ։ Եթե ունեք շարժողական սահմանափակումներ, բաղնիքում և մյուս սենյակներում տեղադրեք տեղաշարժմանն օժանդակող միջոցներ և այլ պարագաներ՝ հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, բռնակներ և այլն։
- Բարելավեք ձեր հավասարակշռությունը. կան որոշ վարժություններ, որոնք օժանդակում են մարմնի հավասարակշռության պահպանմանը և կանխարգելում «անհաջող» վայր ընկնելը (օրինակ՝ յոգա և այլն)։
- Հրաժարվեք բարձրակրունկ կոշիկներից. դրանց փոխարեն կրեք պատահաբար վայր ընկելն ավելի քիչ հավանական դարձնող և հարմարավետ, չսահող ներբաններով կոշիկներ։
- Զգուշությամբ ալկոհոլ օգտագործեք. մի օգտագործեք մեծ քանակով ալկոհոլ, քանի որ ոգելից խմիչքները կարող են խախտել ձեր հավասարակշռությունը։
- Ստուգեք ձեր տեսողությունը. տեսողության ամենատարածված շեղումները, օրինակ՝ կարճատեսությունը կամ հեռատեսությունը կարող են ազդել ձեր տեղաշարժումների վրա։ Կրեք միայն ձեր տեսողությանը համապատասխան ակնոց։
- Օգնություն խնդրեք. որոշ գործեր թողեք ձեր ընտանիքի անդամներին կամ գործընկերներին, օրինակ՝ աթոռի վրա բարձրանալը, լամպ փոխելը, տնային որոշ գործողություններ և այլն։
Հոդվածը վերանայվել է՝ 18-03-2021