Օստեոարթրիտի ախտանիշները հաճախ դանդաղ են զարգանում և վատթարանում ժամանակի ընթացքում:
Օստեոարթրիտի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Ցավ. ախտահարված հոդերը կարող են ցավել շարժման ընթացքում կամ դրանից հետո:
- Կարկամություն. Հոդերի կարկամությունը կարող է առավել նկատելի լինել արթնանալուց կամ անգործությունից հետո (ժելի ֆենոմեն):
- Ցավոտություն. ձեր հոդը կարող է ցավ զգալ, երբ թեթև ճնշում եք գործադրում դրա վրա կամ մոտակայքում:
- Ճկունության կորուստ. հնարավոր է, որ չկարողանաք շարժել ձեր հոդը շարժման ողջ ծավալով:
- Ճարճատյունի զգացողություն. դուք կարող եք զգալ կոպիտ շփման զգացողություն, երբ օգտագործում եք հոդը, և կարող եք լսել ճարճատյուն (կրեպիտացիա) կամ ճռճռոց:
- ոսկրային գոյացություններ. սրանք ոսկրի ավելցուկային կտորներ են, որոնք կարողեն զգացվել որպես ախտահարված հոդը շրջապատող պինդ ուռուցքներ կամ հանգույցներ (օրինակ՝ հեռադիր միջմատոսկրային հոդերի շրջանում Հեբերդենի հանգուցիկներ կամ մերձադիր միջմատոսկրային հոդերի շրջանում Բուշարի հանգուցիկներ)
- Ոսկրային գերաճեր. ոսկրային այս լրացուցիչ կտորները, որոնք շոշոփվում են որպես կոշտ գոյացություններ, կարող են ձևավորվել ախտահարված հոդի շուրջ: Օրինակներից են մատների ծայրային հոդերի շրջանում Հեբերդենի հանգուցիկները կամ մերձադիր միջմատոսկրային հոդերի շրջանում Բուշարի հանգուցիկները:
- Այտուցվածություն. սա կարող է պայմանավորված լինել հոդերի շուրջ փափուկ հյուսվածքների բորբոքմամբ:
Ծնկան հոդի օստեոարթրիտ
Օստեոարթրիտի ծնկային տեղակայման ժամանակ հավանական է, որ ժամանակի ընթացքում հիվանդությունն ընդգրկի երկու ծնկները։ Նման դեպքերում քայլելիս ծնկները դառնում են ցավոտ, հատկապես աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս։ Երբեմն ծնկները կարող են քայլքից «ետ մնալ» կամ ուշացնել ոտքի ուղղումը։ Հիվանդ հոդում շարժումներ կատարելիս կարող եք զգալ կամ լսել թույլ ձայն (կրեպիտացիա)։
Կոնքազդրային հոդի օստեոարթրիտ
Երբ օստեոարթրիտն ընդգրկում է կոնքազդրային հոդը, դժվարությամբ եք հագնում կոշիկներ կամ գուլպաներ, դժվար եք մեքենա նստում կամ դուրս գալիս և դժվարությամբ եք աթոռին նստում (հատկապես, եթե ցածր է)։
Կոնքազդրային հոդի ախտահարման ժամանակ կարող եք ցավեր զգալ նաև աճուկների շրջանում, որոնք ուժեղանում են հոդում շարժումներ կատարելիս։ Երբեմն ցավերը կարող են տեղակայվել ոչ թե կոնքազդրերում, այլ առողջ ծնկների շրջանում։
Ցավերը կարող են անհանգստացնել ոչ միայն շարժումներ կատարելիս, այլև հանգիստ պայմաններում (պառկած վիճակում)։
Ողնաշարի օստեոարթրիտ
Ողնաշարի սահմաններում օստեոարթրիտն ավելի հաճախ ախտահարում է շարժունակ՝ պարանոցային և գոտկային հատվածները։
Պարանոցային շրջանի միջողնային օստեոարթրիտի ժամանակ գլխի պտտողական շարժումներն ուղեկցվում են ցավերով։ Կարող են զարգանալ պարանոցի մկանների ձգվածություն (սպազմ) և ցավերի տարածում դեպի ուսագոտիներ և ձեռքեր։
Գոտկային հատվածի ախտահարման ժամանակ ցավերը կարող են առաջանալ իրանը որևէ կողմի վրա թեքելիս, պառկած տեղից բարձրանալիս և այլ իրավիճակներում։ Ցավերը կարող են ճառագայթվել դեպի ազդրերը և ավելի ներքև։
Ձեռքերի օստեոարթրիտ
Օստեոարթրիտն ավելի հաճախ ախտահարում է ձեռքերի հետևյալ երեք շրջանները՝ բութ մատ, մատների ծայրին ամենամոտիկ գտնվող հոդեր և միջին հոդեր։
Նման դեպքերում մատները դառնում են կարկամված, ցավոտ և այտուցված։ Կարող են զարգանալ մատների հոդերի ձուսպապարկերի բորբոքում (բուրսիտ)։ Ժամանակի ընթացքում ցավերը կարող են մեղմանալ կամ նույնիսկ անհետանալ, սակայն գերաճը և այտուցվածությունը պահպանվում են։
Տարիների ընթացքում ձեռքի մատերը սկսկվում են ծռմռվել, իսկ ախտահարված հոդերի շրջանում առաջանալ հեղուկով լցված ուռուցիկ գոյացություններ՝ կիստաներ։
Եթե ախտահարվում է ձեռքի բութ մատը դաստակին միացնող հոդը, ցավոտ են դառնում այնպիսի առօրյա գործողություններ, ինչպիսիք են գրելը, որևէ առարկա կամ իր բռնելը, բանալին պտտելը և այլն։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք հոդացավ կամ կարկամություն, որը չի անհետանում, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024