Միջին ականջի վարակը կամ միջին օտիտը պատճառվում է միջին ականջում առկա բակտերիայով կամ վիրուսով:
Միջին ականջի վարակը հաճախ զարգանում է մեկ այլ հիվանդությունից՝ մրսածություն, գրիպ կամ ալերգիա, որոնք առաջացնում քթային անցուղիների, ըմպանի և եվստախյան փողերի լցվածություն (կանգ) և այտուց:
Միջին ականջի վարակի զարգացման մեջ կարևոր նշանակություն ունեն եվստախյան փողի և ադենոիդների հետ կապված խնդիրները, ինչպես նաև փոխկապված հիվանդությունները:
Եվստախյան փողի դերը
Եվստախյան փողերը զույգ նեղ խողովակներ են, որոնք յուրաքանչյուր միջին ականջից ձգվում են դեպի քիթըմպան՝ քթային անցուղիներից ետ: Եվստախյան փողի ըմպանային բացվածքը բացվում և փակվում է, որ՝
- կարգավորի և հավասարակշռի միջին ականջում օդի ճնշումը
- թարմացնի (օդափոխի) ականջների օդը
- դատարկի միջին ականջի նորմալ արտադրուկը:
Այտուցված եվստախյան փողը կարող է փակվել, որի արդյունքում միջին ականջում արտադրված հեղուկը ոչ թե դատարկվում է դեպի ըմպան, այլ կուտակվում: Այս հեղուկը կարող է վարակվել և առաջացնել միջին ականջի վարակի ախտանիշներ:
Երեխաների մոտ եվստախյան փողերն ավելի նեղ են և ունեն ավելի հորիզոնական դիրք, որի պատճառով դժվարանում է միջին ականջի դատարկումը և հեշտանում փողերի խցանումը:
Ադենոիդների դերը
Ադենոիդները երկու փոքր հյուսվածքային կուտակումներ են՝ տեղակայված քթի խոռոչի ետնամասում: Համարվում է, որ ադենոիդներն ունեն իմունային նշանակություն:
Ադենոիդները գտնվում են եվստախյան փողերի ըմպանային բացվածքների հարևանությամբ, ուստի դրանց այտուցը կարող է խցանել լսողական խողովակները, որն էլ բերի միջին ականջի վարակի: Ադենոիդների այտուցը և գրգռումն ավելի հավանական է, որ նպաստի երեխաների շրջանում ականջի վարակների զարգացմանը, քանի որ նրանք ունեն համեմատաբար ավելի մեծ ադենոիդներ, քան չափահասները։
Փոխկապված հիվանդություններ
Միջին ականջի հիվանդությունները կամ խնդիրները կարող են կապված լինել միջին օտիտի հետ:
- Միջին օտիտ՝ արտադրությամբ. այս դեպքում վարակի լավանալուց հետո միջին ականջում շարունակվում է առաջանալ և կուտակվել հեղուկ: Պատճառներից է եվստախյան փողերի գործունեության խանգարումները կամ ոչ վարակային խցանումը:
- Քրոնիկ միջին օտիտ՝ արտադրությամբ. սա զարգանում է, երբ հեղուկը մնում է միջին ականջում և շարունակում է կրկնվել առանց վիրուսային կամ բակտերիալ վարակի: Նման վիճակը երեխային դարձնում է նոր վարակի նկատմամբ խոցելի և կարող է ազդել լսողության վրա:
- Քրոնիկ թարախային միջին օտիտ. սա ականջի վարակ է, որը սովորական բուժմամբ չի վերանում և կարող է առաջացնել թմբկաթաղանքի անցք:
Ռիսկի գործոններ
Միջին ականջի վարակների ռիսկի գործոնները ներկայացված են ստորև:
- Տարիք. 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներն ավելի խոցելի են ականջի վարակների նկատմամբ, քանի որ նրանց իմունային համակարգը դեռ բավարար զարգացած չէ, իսկ եվստախյան փողերը համեմատաբար նեղ և հորիզոնական դիրքով են (որը դժվարացնում է միջին ականջի նորմալ հեղուկի դատարկումը դեպի քիթըմպան):
- Երեխաների խմբային խնամք. մսուր-մանկապարտեզ հաճախող կամ խնամքի կենտրոններում ապրող երեխաներն ավելի հակված են ընդհանուր մրսածությանը և ականջի վարակներին, քան տանը մնացող երեխաները:
- Նորածնի սնուցում. շշիկով արհեստական սնուցում ստացող նորածինները (հատկապես պառկած վիճակում) ավելի հաճախ են ունենում ականջի վարակներ, քան կրծքի կաթով կերակրվողները:
- Սեզոնային գործոններ. ականջի վարակներն ավելի տարածված են աշնան և ձմռան ամիսներին: Սեզոնային ալերգիայով մարդկանց մոտ բարձրացնում է ականջի վարակների ռիսկը, երբ օդի աղտոտվածությունը բարձրանում է:
- Օդի վատ որակ. ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկվելը կամ օդի բարձր աղտոտվածությունը կարող են բարձրացնել ականջի վարակների ռիսկը:
- Գայլի երախ. գայլի երախի արատով երեխաների մոտ ոսկրային և մկանային կառուցվածքային շեղումները կարող են դժվարացնել եվստախյան փողով միջին ականջի հեղուկ պարունակության նորմալ դատարկումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024