Միջին օտիտի որոշ դեպքեր առանց հակաբիոտիկային բուժման ինքնուրույն լավանում են:
Ձեր երեխայի օգնության լավագույն տարբերակը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ տարիքից և ախտանիշների ծանրության աստիճանից:
Սպասողական մոտեցում
Միջին ականջի վարակի ախտանիշները սովորաբար բարելավվում են առաջին մի քանի օրվա ընթացքում, և վարակների մեծ մասն առանց բուժման ինքնուրույն լավանում է մեկ կամ երկու շաբաթվա մեջ: Ամերիկյան մանկաբույժների ակադեմիան և Ամերիկյան ընտանեկան բժիշկների ակադեմիան որպես մի տարբերակ խորհուրդ են տալիս սպասել և հսկել հետևյալ դեպքերում՝
- 6-23 ամսական երեխաներ, ովքեր մինչև 48 ժամվա ընթացքում ունեն միայն մեկ ականջում թույլ ցավեր և 39 C-ից ցածր ջերմություն
- 24 ամսական և ավելի մեծ երեխաներ, ովքեր մինչև 48 ժամվա ընթացքում ունեն միայն մեկ կամ զույգ ականջներում թույլ ցավեր և 39 C-ից ցածր ջերմություն:
Որոշ տվյալներ վկայում են, որ ականջի վարակներով որոշ երեխաների համար օգտակար կարող է լինել հակաբիոտիկներով բուժումը: Մյուս կողմից խիստ հաճախակի հակաբիոտիկների օգտագործումը կարող է զարգացնել դեղամիջոցի նկատմամբ բակտերիայի կայունություն: Զրուցեք ձեր բժշկի հետ հակաբիոտիկային բուժման հնարավոր օգուտների և ռիսկերի մասին:
Ցավի կառավարում
Երեխային անհանգստացնող ականջացավի դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ միջոցները:
- Ցավազրկող դեղամիջոցներ. ուժեղ ականջացավի դեպքում բժիշկը կարող է առաջարկել դեղատոմս չպահանջող որևէ ցավազրկողի օգտագործում՝ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Երեխային տվեք այս դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը կամ հրահանգված է դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկում: Եթե երեխային տալիս եք Ասպիրին, արեք դա զգուշությամբ, քանի որ այս դեղամիջոցը կապված է Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկի հետ: Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք որևէ մտահոգություն:
- Անզգայացնող կաթիլներ. այս կաթիլները կարող են օգտագործվել ցավը մեղմացնելու համար, քանի դեռ թմբկաթաղանթի վրա անցք չի առաջացել կամ չի պատռվել:
Հակաբիոտիկային բուժում
Նախնական հսկման շրջանից հետո ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հակաբիոտիկային բուժում հետևյալ իրավիճակներում՝
- 6 ամսական և ավելի մեծ երեխաներ, ովքեր առնվազն 48 ժամվա ընթացքում ունեն միայն մեկ կամ զույգ ականջներում չափավորից մինչև ուժեղ ցավեր կամ 39 C կամ ավելի բարձր ջերմություն
- 6-23 ամսական երեխաներ, ովքեր մինչև 48 ժամվա ընթացքում ունեն միայն մեկ կամ զույգ ականջներում թեթև ցավեր և 39 C-ից ցածր ջերմություն
- 24 ամսական և ավելի մեծ երեխաներ, ովքեր մինչև 48 ժամվա ընթացքում ունեն միայն մեկ կամ զույգ ականջներում թեթև ցավեր և 39 C-ից ցածր ջերմություն:
Սուր միջին օտիտի հաստատված ախտորոշմամբ 6 ամսականից փոքր երեխաներին ավելի հավանական է, որ առանց նախնական հսկման և սպասման շրջանի նշանակվեն հակաբիոտիկներ:
Նույնիսկ եթե ախտանիշները բարելավվում են, շարունակեք ընդունել հակաբիոտիկներն այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը: Բուժման կուրսն անավարտ թողնելը կարող է բերել վարակի կրկնման և հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության զարգացման: Հարցրեք բժշկին, թե ինչպես վարվել, եթե պատահաբար բաց եք թողել հակաբիոտիկի հերթական դեղաչափը:
Թմբկաթաղանթային խողովակներ
Որոշ հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ իրականացվի միջին ականջում կուտակված հեղուկի դատարկման միջամտություն: Եթե երեխան ունի կրկնվող երկարաժամկետ ականջի վարակներ (քրոնիկ միջին օտիտ) կամ վարակն անցնելուց հետո շարունակվող ականջային արտադրություն (միջին օտիտ արտադրությամբ), բժիշկը կարող է առաջարկել այս միջամտությունը:
Արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող միրինգոտոմիայի ժամանակ վիրաբույժը թմբկաթաղանթի վրա բացում է փոքր անցք, որը թույլ է տալիս, որ միջին ականջում կուտակված հեղուկը դատարկվի և հեռացվի: Բացված անցքով կարող է տեղադրվել բարակ խողովակ (թմբկաթաղանթային խողովակ), որի օգնությամբ օդափոխվում է միջին ականջը և կանխարգելվում հեղուկի հետագա կուտակումը: Որոշ խողովակներ պահվում են 6 ամսից մինչև 1 տարվա ընթացքում, որից հետո ինքնուրույն ընկնում են: Այլ դեպքերում կարող են տեղադրվել խողովակներ ավելի երկար ժամանակով, որոնք հեռացվում են վիրաբույժի կողմից:
Քրոնիկ թարախային միջին օտիտի բուժումը
Թմբկաթաղանթի թափածակմամբ կամ պատռմամբ ուղեկցվող քրոնիկ թարախային միջին օտիտը դժվարությամբ է ենթարկվում բուժմանը: Այն հաճախ բուժում են հակաբիոտիկային կաթիլներով: Բժիշկը կբացատրի, թե մինչև ականջի կաթիլների օգտագործումն ինչպես արտաքին լսողական անցուղուց հեռացնել կուտակված արտադրուկը:
Վերահսկում
Միջին ականջի հաճախակի վարակներով կամ ականջից կայուն արտադրությամբ երեխաներն ունեն շարունակական վերահսկողության կարիք: Զրուցեք բժշկի հետ այն մասին, թե ինչ հաճախականությամբ է պետք այցելել նրան կամ ինչ պարբերականությամբ անցնել լսողության և խոսքի թեստեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024