Ձեր բժիշկը սովորաբար ախտորոշում է միջին ականջի վարակը կամ մեկ այլ հիվանդություն՝ ելնելով առկա ախտանիշներից և զննման արդյունքներից:
Ձեր ականջը զննելու համար ձեր բժիշկն օգտագործում է լուսատու գործիք (օտոսկոպ): Ձեր բժիշկը նաև կարող է զննել ձեր ըմպանը և կոկորդը, իսկ ռինոսկոպով՝ քթային անցուղիները:
Պնևմատիկ օտոսկոպ
Հաճախ պնևմատիկ օտոսկոպով ականջի զննումը բավարար է, որ ախտորոշվի միջին ականջի վարակը (միջին օտիտ): Այս գործիքը թույլ է տալիս զննել արտաքին լսողական անցուղին և թմբկաթաղանթի երևացող՝ դրսային մակերևույթը և հասկանալ, թե արդյոք թմբկաթաղանթի ետևում կա հեղուկի կուտակում: Պնևմատիկ օտոսկոպով բժիշկը նաև քիչ օդ է փչում և գնահատում թմբկաթաղանթի շարժունակությունը: Եթե միջին ականջը լցված է հեղուկով, թմբկաթաղանթն անշարժ է կամ ունի սահմանափակ շարժունակություն:
Լրացուցիչ հետազոտություններ
Ձեր բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ, որոնք օգնում են հաստատելու (կամ ժխտելու) միջին օտիտի ախտորոշումը, հատկապես, եթե հիվանդությունը չի պատասխանում բուժմանը կամ առկա են երկարաժամկետ կամ ծանր խնդիրներ:
- Տիմպանոմետրիա. սա թմբկաթաղանթի շարժունակությունը չափող թեստ է: Հատուկ գործիքը տեղադրվում է արտաքին լսողական անցուղում և օդի հոսք ստեղծելով չափվում է, թե ինչպես է շարժվում թմբկաթաղանթը, որն էլ պատկերացում է տալիս միջին ականջում ճնշման չափի մասին:
- Ակուստիկ ռեֆլեկտոմետրիա. այս հետազոտությամբ չափում է, ինչ չափով է ձայնը անդրադարձվում թմբկաթաղանթից: Արտաքին լսողական անցուղում հարմարեցված հատուկ գործիքով օդը խտացվում, հետո նոսրացվում է, և այդ ընթացքւմ տալիս են ձայն, որը հարվածում է թմբկաթաղանթին, իսկ համակարգչային գեներատորը արագ գրանցում է տվյալ պահին թմբկաթաղանթի շարժունակությունը: Սա նույնպես անուղղակիորեն պատկերացում է տալիս միջին ականջում հեղուկի կուտակման և ճնշման վերաբերյալ: Նորմայում թմբկաթաղանթը կլանում է ձայնի մեծ մասը: Որքան բարձր է միջին ականջում ճնշումը, այդքան ավելի շատ ձայն թմբկաթաղանթը կանդրադարձնի:
- Տիմպանոցենտեզ. հազվադեպ, ձեր բժիշկը կարող է օգտագործել բարակ խողովակ, որ ծակի թմբկաթաղանթը և հեռացնի միջին ականջում կուտակված հեղուկը: Տիմպանոցենտեզը նաև հնարավորություն է տալիս վերցնել այդ հեղուկից նմուշ և ստուգել վիրուսների և բակտերիաների առկայությունը: Հետազոտությունը կարող է օգտակար լինել, եթե վարակը չի պատասխանում անցկացված բուժումներին:
- Այլ թեստեր. եթե ձեր երեխայի մոտ առկա է ականջի վարակի կամ միջին ականջում հեղուկի կուտակման կրկնություններ, բժիշկը կարող է առաջարկել լսողության մասնագետի (աուդիոլոգ), խոսքի թերապևտի կամ զարգացման թերապևտի խորհրդատվություններ, որ ստուգվի նրա լսողությունը, խոսքի հմտությունները, լեզվի և զարգացման ունակությունները:
Ի՞նչ է նշանակում ախտորոշումը
- Սուր միջին օտիտ. սա ականջի վարակի բժշկական տերմինն է: Սուր միջին օտիտ ախտորոշվում է, եթե հայտնաբերվում են միջին ականջում հեղուկի առկայության նշաններ և հարաբերականորեն հանկարծակի առաջացած վարակի գանգատներ և ախտանիշներ:
- Սեկրետոր (էքսուդատիվ) միջին օտիտ. այս դեպքում առկա է միջին ականջում հեղուկի առկայության նշաններ, սակայն չկան վարակի ախտանիշներ:
- Քրոնիկ էքսուդատիվ միջին օտիտ. այս դեպքում երկարաժամկետ (քրոնիկ) ականջի վարակը բերել է թմբկաթաղանթի պատռման և սովորաբար կապված է ականջից թարախի արտահոսքի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024