Ձվարանի վրա առկա կիստան կարող է հայտնաբերվել գինեկոլոգիական քննության ընթացքում:
Կախված ձվարանի կիստայի չափից և հեղուկով լցված, պինդ կամ խառը բնույթից բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտություններ, որ որոշի կիստայի տեսակը և բուժման անհրաժեշտությունը կամ տարբերակը:
- Հղիության թեստ. դրական թեստը (հղիության առկայությունը) կարող է հուշել, որ ունեք դեղին մարմնի կիստա:
- Փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). սոնոգրաֆիան ձայնային ալիքների վրա հիմնված հետազոտություն է, որը թույլ է տալիս ստանալ ձվարանների ռեալ ժամանակի մեջ պատկերներ: Սոնոգրաֆիայի միջոցով բժիշկը կարող է հաստատել կիստայի առկայությունը, գնահատել տեղակայումը և որոշել պինդ, հեղուկով լցված կամ խառը բնույթը:
- Լապարոսկոպիա. բժիշկը նաև կարող է օգտվել որովայնի պատի փոքր կտրվածքով ներմուծված բարակ գործիքով ձվարանները դիտելու հնարավորությունից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նույն գործիքով հեռացնելու կիստան: Սա վիրահատական միջամտություն է, որը պահանջում է լիարժեք անզգայացում:
- Ուռուցքային մարկերների թեստ. արյան մեջ քաղցկեղային հակածին 125 (CA 125) կոչվող սպիտակուցի մակարդակը ձվարանի քաղցկեղով կանանց մոտ հաճախ բարձրացած է: Բժիշկը կարող է առաջարկել այս թեստը, եթե կիստան մասամբ պնդացած է, ունեք ձվարանի քաղցկեղի բարձրացած ռիսկ կամ որևէ այլ պատճառով կարիք կա ժխտելու քաղցկեղի առկայությունը: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ CA 125-ի մակարդակը նաև կարող է բարձրանալ ոչ քաղցկեղային բնույթի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են էնդոմետրիոզը, արգանդի ֆիբրոիդը (միոմա) և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ):
Երբեմն զարգանում են ավելի քիչ տարածված կիստաների տեսակներ, որոնք բժիշկը հայտնաբերում է գինեկոլոգիական քննության ժամանակ: Ձվարանների պինդ կիստաները, որոնք առաջանում են դաշտանադադարից հետո, կարող են լինել քաղցկեղային (չարորակ): Այդ իսկ պատճառով կանոնավոր գինեկոլոգիական քննություններ անցկացնելը խիստ կարևոր է:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024