Բուժումը կախված է տարիքից, կիստայի տեսակից ու չափսերից, ինչպես նաև գանգատներից ու ախտանիշներից:
Բժիշկը կարող է առաջարկել ձվարանի կիստայի բուժման հետևյալ տարբերակներից մեկնումեկը:
- Հսկողություն. բազմաթիվ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել, որ համբերեք և մի քանի ամիս անց կրկնակի հետազոտվեք՝ ստուգելու, թե արդյոք կիստան անհետացել է (ֆունկցիոնալ կիստաների մեծ մասն առանց որևէ բուժման ինքնուրույն անհետանում է)։ Անկախ տարիքից, բժիշկը կարող է բավարարվել հսկողությամբ, եթե գանգատներ չունեք և գերձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիա) հայտնաբերվում է հասարակ, փոքր և հեղուկով լցված կիստա:
- Դեղամիջոցներ. բժիշկը կարող է խորհուրդ տալ հորմոնային հակաբեղմնավորիչներ, օրինակ՝ հղիության վերահսկման հաբեր, որոնք կանխարգելում են ձվարանի կիստաների կրկնությունը: Այնուամենայնիվ, այս դեղամիջոցները չեն փոքրացնում առկա կիստայի չափերը:
- Վիրահատություն. բժիշկը նաև կարող է առաջարկել վիրահատական բուժում՝ կիստայի հեռացում, եթե առկա է մեծ կիստա, որը նման չէ ֆունկցիոնալ տեսակին, դրսևորում է աճելու միտում, առաջացնում է ցավ կամ պահպանվում է 2-3 դաշտանային ցիկլերի ընթացքում: Որոշ կիստաներ կարող են հեռացվել՝ պահպանելով ձվարանը (ձվարանային ցիստէկտոմիա), իսկ այլ դեպքերում կարող է ավելի նպատակահարմար լինել, որ հեռացվի ախտահարված ձվարանը (օօֆորէկտոմիա)՝ պահպանելով մյուս ձվարանը: Երկու դեպքում էլ ապագայում հղիանալու հնարավորությունը պահպանվում է (քանի դեռ երկու ձվարաններն էլ չեն հեռացվել): Եթե կիստոզային գոյացությունը քաղցկեղային է, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա, որ այցելեք գինեկոլոգիական քաղցկեղի մասնագետին: Բժիշկը նաև հավանաբար խորհուրդ կտա հեռացնել կիստոզ ձվարանը, եթե վերջինս զարգացել է դաշտանադադարից հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024