Պանկրեատիտ. պատճառներ
12-05-2018
2 րոպե

Պանկրեասը խառը տիպի՝ արտազատական և ներզատական գեղձ է, որը կարող է բորբոքվել տարբեր պատճառներով։
Ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) արտադրում է ֆերմենտներ (էնզիմներ), որոնք ծորանով մուտք են գործում աղիներ և օգնում սննդամթերքների մարսողությանը։ Միևնույն ժամանակ, այս գեղձն արտադրում է հորմոններ (օրինակ՝ ինսուլին), որոնք կարգավորում են սննդով ստացված և արյան հուն ներծծված շաքարների և ճարպերի յուրացմանը։
Պանկրեատիտը դրսևորվում է, երբ ենթաստամոքսային գեղձի բորբոքումն առաջացնում է այս օրգանի և դրա արյունատար անոթների այտուց, արյունազեղում և վնասում։ Նման պայմաններում գեղձի ֆերմենտները մուտք են գործում հարակից հյուսվածքներ, առաջացնում գեղձի հյուսվածքների ինքնալուծում (աուտոլիզ), ռեակտիվ բորբոքում և ախտահարման խորացում։
Պանկրեատիտի երկու հիմնական պատճառներն են՝
- լեղապարկի քարեր
- ալկոհոլի չարաշահում։
Սուր պանկրեատիտով մարդկանց շուրջ կեսը հանդիսանում են մեծ քանակով ալկոհոլ օգտագործող մարդիկ։
Լեղապարկի քարերը լեղապարկում կուտակվող փոքր պինդ գոյացություններ են։ Լեղապարկը և ենթաստամոքսային գեղձը օգնում են մարսողությանը, և այս երկու օրգանների ծորանները միասնական մեկ ծորանով բացվում դեպի 12-մատնյա աղիք։ Երբ լեղային քարերը խցանում են այդ ծորանը, ենթաստամոքսային գեղձի հյութն իր ֆերմենտներով մնում է գեղձում՝ առաջացնելով կանգ և բորբոքում։
Պանկրեատիտի այլ, ավելի պակաս հանդիպող պատճառներից են՝
- որովայնի փակ վնասվածքներ, օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ
- ենթաստամոքսային գեղձի վիրահատություններ
- որոշ դեղեր
- ժառանգական հիվանդություններ (ժառանգական պանկրեատիտ)
- վարակներ
- աուտոիմուն հիվանդություններ, օրինակ՝ լուպուս
- ենթաստամոքսային գեղձի ֆիբրոզներ։
Որոշ մարդկանց մոտ պանկրեատիտի որևէ կոնկրետ պատճառ հայտնաբերել չի հաջողվում։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021