Գրադարան
Պանկրեատիտ. բուժում

2 րոպե
Պանկրեատիտի բուժումը կախված է հիվանդության ընթացքից և հաճախ ներառում է քաղցած մնալը, դեղամիջոցները կամ վիրահատությունը:
Որպես կանոն, սուր պանկրեատիտի բուժումը կազմակերպվում է հիվանդանոցում, վիրաբուժական կամ, ծանր դեպքերում, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում: Քրոնիկ պանկրեատիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է տնային պայմաններում, քանի դեռ ցավերը սաստիկ չեն և չեն զարգացել բարդություններ:
Հիվանդանոցում նախանական բուժումը կարող է ներառել հետևյալ մոտեցումները:
- Քաղց. բժիշկը խորհուրդ կտա, որ հիվանդանոցային բուժման առաջին մի քանի օրը զերծ մնաք սնունդ ընդունելուց, որը ենթաստամոքսային գեղձին տալիս է «հանգստանալու» և վերականգնվելու ժամանակ և հնարավորություն: Երբ գեղձի բորբոքումը մեղմանա, բժիշկը կթույլատրի, որ խմեք թափանցիկ հեղուկներ (ջուր) և ստանաք դյուրամարս սնունդ: Ժամանակի ընթացքում կարող եք աստիճանաբար վերադառնալ նորմալ սննդակարգին: Եթե պանկրեատիտը շարունակվում է և դեռևս նշում եք սնունդ ընդունելուն հաջորդող ցավեր, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ սնուցումը կազմակերպվեի նազոգաստրալ զոնդով:
- Ցավազրկողներ. պանկրեատիտը կարող է առաջացնել սուր ցավեր: Նման դեպքերում նշանակվում են ուժեղ ցավազրկող դեղամիջոցներ:
- Ներերակային հեղուկներ. օրգանիզմը բավականաչափ էներգիա և հեղուկներ է ծախսում, որ վերականգնի ենթաստամոքսային գեղձը: Սա կարող է բերել ջրազրկման, ուստի հիվանդանոցում տրվում են լրացուցիչ ներերակային հեղուկներ:
Երբ պանկրեատիտի ընթացքը դառնում է վերահսկելի, բժիշկը անցնում է հիվանդություն առաջացնող պատճառի բուժմանը: Պանկրեատիտի պատճառից կախված, բուժումը կարող է ներառել հետևյալ միջամտությունները:
- Լեղուղիների խցանումները վերացնող միջամտություններ. եթե պանկրեատիտի պատճառը լեղածորանի խցանումն է, կարող է առաջանալ այս ուղին բացող կամ լայնացնող միջամտությունների անհրաժեշտություն, օրինակ՝ էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկերատոգրաֆիա (ERCP), որի օգնությամբ հայտնաբերվում և հեռացվում են պանկրեասի դրենաժային համակարգի խցանման պատճառները (օրինակ՝ լեղապարկի քարեր): Մեծ տարիքով մարդկանց մոտ ERCP-ն կարող է բերել սուր պանկրեատիտի:
- Լեղապարկի վիրահատություն. եթե պանկրեատիտի պատճառը լեղապարկի քարերն են, բժիշկը խորհուրդ կտա հեռացնել լեղապարկը (խոլեցիստէկտոմիա):
- Ենթաստամոքսային գեղձի վիրահատություն. վիրահատության անհրաժեշտություն կարող է առաջանալ, որ դատարկվի ենթաստամոքսային գեղձում կուտակված հեղուկը կամ հեռացվեն ախտահարված հյուսվածքները:
- Ալկոհոլային կախվածության բուժում. տարիներ շարունակ ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել պանկրեատիտ: Եթե պանկրեատիտի պատճառը ալկոհոլն է և չեք կարողանում դադարեցնել օգտագործումը, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ անցնեք ալկոհոլային կախվածության բուժման ծրագիր: Ալկոհոլից չհրաժարվելը կարող է վատթարացնել պանկրեատիտի ընթացքը և հանգեցնել ծանր բարդությունների:
Քրոնիկ պանկրեատիտի լրացուցիչ բուժումները
Կախված իրավիճակից քրոնիկ պանկրեատիտը կարող է պահանջել լրացուցիչ բուժումներ:
- Ցավի կառավարում. քրոնիկ պանկրեատիտը կարող է առաջացնել կայուն որովայնային ցավեր: Նման դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ ցավը մեղմացնող դեղամիջոցներ:
- Մարսողությունը բարելավող ֆերմենտներ (էնզիմներ). ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների հավելումները կարող են օգնել, որ օրգանիզմը լիարժեք յուրացնի սննդով ստացված սննդանյութերը: Պանկրեատիկ հավելումները սովորաբար ընդունվում են սննդի հետ:
- Սննդակարգի կարգավորում. բժիշկը խորհուրդ կտա, որ սննդակարգում կրճատեք ճարպերի չափաբաժինը: Դիետոլոգը կարող է օգնել, որ անցնեք ճարպերից աղքատ և սննդանյութերով հարուստ սննդակարգի:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2018 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: