Գրադարան
Պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)

1 րոպե
Պանկրեատիտը ստամոքսի ետևում գտնվող ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է։
Ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) համարվում է խառը բնույթի գեղձ։ Որպես արտազատիչ գեղձ, պանկրեասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով արտահոսում է 12-մատնյա աղիք և մասնակցում մարսողությանը։ Որպես ներզատիչ գեղձ, պանկրեասն արտադրում է մի շարք հորմոններ, այդ թվում՝ ինսուլին և գլյուկագոն, որոնք մուտք են գործում արյան հուն և կարգավորում արյան գլուկոզի մակարդակը։
Պանկրեատիտը կարող է ունենալ տարբեր պատճառներ և լինել սուր կամ քրոնիկ:
- Սուր պանկրեատիտը սկսվում է հանկարծակի և տևում մի քանի օր: Սուր պանկրեատիտի ամենաբնորոշ ախտանիշը վերորովայնային ձախ գոտևորվող ցավերն են, որոնք ուղեկցվում են ինքնազգացողության կտրուկ վատթարացմամբ: Սուր պանկրեատիտը պահանջում է անհետաձգելի հիվանդանոցային բուժում:
- Քրոնիկ պանկրեատիտը շարունակվում է բազմաթիվ տարիներ: Այս դեպքում որովայնային ցավերը կայուն և բութ բնույթի են: Քրոնիկ պանկրեատիտը նաև ուղեկցվում է մարսողության խանգարման նշաններով:
Պանկրեատիտի թեթև դեպքերը կարող են անցնել առանց բուժման, սակայն սուր կամ ծանր դեպքերը կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ և պահանջում են հիվանդանոցային բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: