Ծնկոսկրային կամ պատելար տենդոնիտը տարածված գերօգտագործման վնասվածք է, որն առաջանում է ձեր ծնկորսկային կամ պատելար ջիլում կրկնվող լարվածության (սթրեսի) պատճառով:
Վերջինս հանգեցնում է տվյալ ջլում փոքրիկ (միկրո-) պատռվածքների առաջացման, որոնք ձեր օրգանիզմը փորձում է վերականգնել:
Սակայն, երբ ծնկոսկրային ջլում պատռվածքները բազմապատկվում են, դրանք առաջացնում են ցավ՝ պայմանավորված բորբոքումամբ և ջլի թուլացմամբ: Երբ ջլային վնասումը պահպանվում է ավելի քան մի քանի շաբաթ, կոչվում է տենդինոպաթիա:
Ռիսկի գործոններ
Տարբեր գործոնների համակցումը կարող է նպաստել ծնկոսկրային տենդինիտի զարգացմանը:
- Ֆիզիկական ակտիվություն. ծնկոսկրային տենդինիտի հետ առավել հաճախ կապված են վազելն ու ցատկելը: Այս գործողություններով զբաղվելու կտրուկ աճը՝ ինչպես ծանրաբեռնվածության, այնպես էլ հաճախականության առումով, նույնպես առաջացնում է ջլի գերլարվածություն և վնասում: Նույնը վերաբերվում է վազքի մարզակոշիկի փոփոխությանը:
- Ոտքի լարված մկաններ. ազդրի մկանների (քառագլուխ և ազդրի ետին շրջանի մկաններ) ձգվածությունը կարող է մեծացնել ծնկոսկրային ջլի լարվածությունը:
- Մկանային անհավասարակշռություն. եթե ձեր ոտքերի որոշ մկաններ շատ ավելի ուժեղ են, քան մյուսները, ավելի ուժեղ մկանները կարող են ավելի ուժեղ ձգել ձեր ծնկոսկրային ջիլը: Այս անհամաչափ ձգումը կարող է առաջացնել տենդինիտ:
- Քրոնիկ հիվանդություններ. որոշ հիվանդություններ թուլացնում են արյան հոսքը դեպի ծունկ, ինչն իր հերթին թուլացնում է ծնկոսկրային ջիլը: Օրինակներից են՝ երիկամային անբավարարություն, աուտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են գայլախտը (լուպուս) կամ ռևմատոիդ արթրիտը և նյութափոխանակության հիվանդություններ, ինչպիսին է շաքարային դիաբետը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024