Որպես կանոն, բժիշկները սկսում են ավելի քիչ ինվազիվ բուժումներով՝ նախքան այլ տարբերակները դիտարկելը, ինչպիսիք են վիրահատությունը:
Դեղամիջոցներ
Ցավազրկողները, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե և այլն) կարող են կարճ ժամանակով մեղմացնել ծնկոսկրային տենդոնիտի հետ կապված ցավերը:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Ֆիզիոթերապիայի մի շարք մեթոդներ կարող են օգնել ծնկոսկրային տենդինիտի հետ կապված ախտանիշների մեղմացմանը:
- Ձգող վարժանքներ. կանոնավոր, կայուն ձգող վարժությունները կարող են նվազեցնել մկանային սպազմը և օգնել մկանաջլային միավորի երկարացմանը: Մի՛ ցատկեք ձեր ձգման վարժանքների ընթացքում:
- Ամրապնդող վարժանքներ. ազդրի թույլ մկանները նպաստում են ձեր ծնկոսկրային ջլի լարմանը: Վարժանքները, որոնք ներառում են ոտքը երկարացնելուց հետո շատ դանդաղ իջեցնելը, կարող են առանձնակի օգտակար լինել: Այլ օգտակար վարժություններից են ոտքի բոլոր մկանների համակցված ամրապնդման վարժանքները, օրինակ՝ ոտքի սեղմումը:
- Ծնկոսկրային ջլի երկայնքով կպչուն ժապավեն. կպչուն ժապավենը, որը ճնշում է գործադրում ձեր ծնկոսկրային ջլի վրա, կարող է օգնել ջլի վրայից ուժի տեղաբաշխմանը, որն, իր հերթին, կարող է օգնել ցավի թեթևացմանը:
- Իոնոֆորեզ. այս բուժման դեպքում ձեր ծնկան մաշկն օծվում է կորտիկոստերոիդ դեղամիջոցով, որից հետո օգտագործվում է սարք, որը ցածր էլեկտրական լիցք է հաղորդում՝ ձեր մաշկով դեղամիջոցն ավելի խոր հյուսվածքներ մղելու համար:
Վիրահատական և այլ միջամտություններ
Եթե կոնսերվատիվ (պահպանողական) բուժումները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է առաջարկել բուժման այլ տարբերակներ:
- Կորտիկոստերոիդային ներարկում. գերձայնային ուղղորդմամբ ձեր ծնկոսկրային ջլի թաղանթների շուրջը կորտիկոստերոիդների ներարկումը կարող է օգնել ցավի մեղմացմանը: Բայց այս դեղամիջոցները նաև կարող են թուլացնել ջլերը և մեծացնել դրանց պատռման հավանականությունը:
- Թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներմուծում. այս տեսակի ներարկումը փորձարկվել է որոշ մարդկանց մոտ, ովքեր ունեն ծնկոսկրային ջլի քրոնիկ խնդիրներ: Հետազոտությունները շարունակվում են։ Հնարավոր է, որ ներարկումները կարող են նպաստել նոր հյուսվածքների ձևավորմանը և օգնել ջլային վնսման վերականգնմանը:
- Օսցիլացնող (տատանվող) ասեղային միջամտություն. այս ամբուլատոր միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման ներքո: Ձեր բժիշկը օգտագործում է գերձայնային սարք՝ ուղղորդելու փոքրիկ տատանվող ասեղը, որը հատում է վնասված հատվածը՝ միաժամանակ խնայելով առողջ ջիլը: Սա համեմատաբար նոր տարբերակ է, սակայն արդյունքները խոստումնալից են:
- Վիրահատություն. հազվադեպ, եթե այլ բուժումները անհաջողության են մատնվում, ձեր բժիշկը կարող է առաջարկել ծնկոսկրային ջլի վիրաբուժական միջամտություն կամ վերականգնում: Որոշ միջամտություններ կարող են կատարվել ձեր ծնկի շուրջ փոքր կտրվածքների միջոցով՝ արթրոսկոպի օգնությամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024