Բակտերիաների շատ տեսակներ կարող են առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ), սակայն գոնորեա կամ քլամիդիոզ վարակները ամենատարածվածն են:
Այս բակտերիաներով սովորաբար վարակվում են անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ:
Ավելի հազվադեպ, բակտերիաները կարող են ներթափանցել ձեր սեռական ուղիներ ցանկացած ժամանակ, երբ խախտվում է արգանդի վզիկի կողմից ստեղծված նորմալ պատնեշը: Դա կարող է տեղի ունենալ դաշտանի ժամանակ և ծննդաբերությունից, վիժումից կամ աբորտից հետո: Հազվադեպ, բակտերիաները կարող են նաև ներթափանցել վերարտադրողական ուղիներ ներարգանդային պարույրի (ՆԱՊ)՝ երկարաժամկետ հակաբեղմնավորիչ միջոցի տեղադրման կամ որևէ բժշկական միջամտության ժամանակ, որի ընթացքում արգանդի մեջ գործիքներ են տեղադրվում:
Երբևէ սեռական հարաբերություն չունեցած կանանց շրջանում ՓԿՕԲՀ խիստ հազվադեպ է հանդիպում:
Ռիսկի գործոններ
Մի շարք գործոններ կարող են մեծացնել ՓԿՕԲՀ-ի ձեր ռիսկը, այդ թվում՝
- սեռական ակտիվ լինելը և 25 տարեկանից փոքր տարիքը
- բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը
- սեռական հարաբերությունների մեջ լինելը մեկի հետ, ով ունի մեկից ավելի սեռական զուգընկեր
- առանց պահպանակի սեռական հարաբերություն ունենալը
- պարբերաբար հեշտոցային հոգնաներ (ներլվացումներ) անելը, որը խախտում է հեշտոցում լավ և վնասակար բակտերիաների հավասարակշռությունը և կարող է քողարկել ախտանիշները
- ՓԿՕԲՀ-ի կամ որևէ սեռական ճանապարհով փոխանցվող վարակի պատմություն ունենալը:
ՆԱՊ-ի ներդրումից հետո ՓԿՕԲՀ-ի ռիսկը կարող է մի փոքր աճել: Այս ռիսկը սովորաբար սահմանափակվում է ներդրումից հետո առաջին երեք շաբաթով:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024