Չկա որևէ եզակի թեստ, որը կարող է ճշգրտորեն ախտորոշել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ):
Փոխարենը, ձեր բժիշկը կհիմնվի տարբեր արդյունքների համակցության վրա:
- Ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ). ձեր բժիշկը, հավանաբար, կհարցնի ձեր սեռական սովորույթների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՍՃՓՀ) պատմության և ծնելիության վերահսկման եղանակի մասին:
- Գանգատներ և ախտանիշներ. տեղեկացրեք ձեր բժշկին ցանկացած բոլոր ախտանիշների մասին, որոնք դուք զգում եք, նույնիսկ եթե դրանք մեղմ են:
- Գինեկոլոգիական քննություն (ներզննում). գինեկոլոգիական ներզննման ընթացքում ձեր բժիշկը կստուգի ձեր փոքր կոնքի օրգանների ցավոտությունը և այտուցվածությունը: Ձեր բժիշկը նաև կարող է օգտագործել բամբակյա ծայրով զոնդեր՝ հեշտոցից և արգանդի վզիկից հեղուկ նմուշներ վերցնելու համար: Այս նմուշները լաբորատորիայում կհետազոտվեն վարակի նշանների և այնպիսի միկրոօրգանիզմների համար, ինչպիսիք են գոնորեան և քլամիդիան:
- Արյան և մեզի թեստեր. այս թեստերը կարող են նշանակվել՝ ստուգելու հղիության առկայությունը, հայտնաբերելու ՄԻԱՎ-ը և այլ ՍՃՓՀ-ները, ինչպես նաև չափելու լեյկոցիտների քանակը և վարակի կամ բորբոքման այլ մարկերները:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). սա անվտանգ և անցավ հետազոտություն է, որն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր վերարտադրողական օրգանների պատկերները ստեղծելու համար:
Եթե ախտորոշումը դեռ պարզ չէ, ձեզ կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ հետազոտություններ:
- Լապարոսկոպիա. այս միջամտության ընթացքում բժիշկը ձեր որովայնի պատի փոքրիկ կտրվածքի միջով բարակ, լուսավորող գործիք է մտցնում ձեր որովայնի խոռոչ՝ ձեր փոքր կոնքի օրգանները դիտելու համար:
- Էնդոմետրիալ բիոպսիա. այս միջամտության ընթացքում ձեր բժիշկը բարակ խողովակ է մտցնում արգանդի մեջ՝ հեռացնելու արգանդի լորձաթաղանթի հյուսվածքի փոքր նմուշ: Նմուշառված հյուսվածքը ստուգվում է վարակի և բորբոքման նշանների համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024