Դեպքերի մեծ մասում պերիօդոնտիտի զարգացումը սկսվում է ատամնափառից՝ կպչուն թաղանթ, որը գլխավորապես կազմված է բակտերիաներից:
Բուժումից դուրս մնալիս ատամնափառը կարող է զարգանալ մինչև պերիօդոնտիտի հետևյալ փուլերով:
- Ատամների մակերևույթին ձևավորվում է փառ. ատամնափառն անտեսանելի, կպչուն շերտ է, որը հիմնականում կազմված է ատամների մակերևույթին առկա բակտերիաներից: Դրանք աճում ու բազմանում են, երբ սննդում առկա օսլան և շաքարները փոխազդում են նորմայում բերանի խոռոչում առկա բակտերիաների հետ: Ատամնափառը պահանջում է ամեն օր երկու անգամ մաքրում-հեռացում, քանի որ արագորեն վերականգնվում է:
- Ատամնափառը կարող է լնդեզրի տակ պնդանալ՝ վերածվելով ատամնաքարի. ատամնաքարն ավելի դժվար է հեռացվում և լցված է բակտերիաներով: Որքան երկար ժամանակ են ատամնափառն ու ատամնաքարերը մնում ատամների վրա, այդքան ավելի մեծ վնաս են հասցնում ինչպես ատամներին, այնպես էլ լնդերին: Ի տարբերություն ատամնափառի, քարերն ատամները խոզանակելիս չեն մաքրվում. նման դեպքերում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի օգնությանը:
- Ատամնափառը կարող է առաջացնել գինգիվիտ (լնդաբորբ). ընդ որում, լնդաբորբը կարող է լինել սկսած թեթև տեսակներից մինչև լնդային հիվանդություն։ Գինգիվիտն ատամի հիմքը շրջապատող լնդային հյուսվածքի (գինգիվա) գրգռումն ու բորբոքումն է: Այն կարող է ետ զարգանալ ատամնաբուժական միջոցառումների և բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի շնորհիվ:
- Լնդերի շարունակվող բորբոքումը կարող է առաջացնել պերիօդոնտիտ, որի արդյունքում լնդերի և ատամների միջև ձևավորվում են գրպանիկներ՝ լցված բակտերիաներով, ատամնափառով և քարերով: Ժամանակի ընթացքում այս գրպանիկները դառնում են ավելի խորը և լցվում ավելի շատ բակտերիաներով: Չբուժելու դեպքում այս խորը վարակները բերում են հյուսվածքների և ոսկրի կորստի, որի արդյունքում դուք կարող եք կորցնել մեկ կամ ավելի շատ ատամներ: Միաժամանակ, շարունակվող քրոնիկ վարակը կարող է բերել իմունային համակարգի շեղումների:
Ռիսկի գործոններ
Պերիօդոնտիտի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները՝
- գինգիվիտ (լնդաբորբ)
- բերանի խոռոչի վատ հիգիենա
- ծխախոտի օգտագործում (ծխելը կամ ծամելը)
- հորմոնալ տեղաշարժեր, օրինակ՝ կապված հղիության կամ դաշտանադադարի հետ
- «ժամանցային» (ակումբային) թմրամիջոցների օգտագործում, օրինակ՝ մարիխուանա կամ վեյփինգ
- գիրություն
- անբավարար սնուցում, ներառյալ՝ վիտամին C-ի պակաս
- գենետիկա
- բերանի չորություն կամ լնդաբորբ առաջացնող դեղամիջոցներ
- իմունիտետի թուլացում առաջացնող վիճակներ, ինչպիսիք են լեյկոզը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղի բուժումը
- որոշ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ռևմատոիդ արթրիտը կամ Կրոնի հիվանդությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-11-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024